Շնորհակալագիր՝ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկանին. ՀՊՏՀ մագիստրանտը աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող (բանկային գործ, 2-րդ կուրս), պաուերլիֆտինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Էդգար Բադալյանը և նրա մարզիչ, ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը հոկտեմբերի 25-ին հյուրընկալվել են ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանին: Էդգարը վերջերս է նվաճել պաուերլիֆտինգի աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչումը և մարզիչ Գագիկ Սարոյանը, նրա մարզական հաջողությունները գնահատելու, աջակցելու և ոգևորելու, ինչպես նաև մշտապես Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողքին լինելու համար, ի նշան երախտագիտության, Վահե Միքայելյանին շնորհեց ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչումը և հանձնեց ոսկե մեդալ, գավաթ ու շնորհակալագիր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-6-ը Վրաստանում կայացած IPSU-ի վարկածով պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունում Էդգար Բադալյանը 56 կգ քաշային կարգում նվաճել է առաջին հորիզոնականը: Այս առաջնությունում նա հաղթանակ է բերել նաև Հայաստանի թիմին: Մասնակցել են 12 երկրի 250 մարզիկներ:
Մինչ Էդգարը համեստորեն լռում էր, մարզիչը մեզ հայտնեց, որ նպատակասլաց մարզիկը նաև «Դյուցազնագրքի» ռեկորդ է սահմանել. փորձաքարի վրա հորիզոնական դիրքով՝ 2 ձեռքերի ափերի բռնվածքով, ոտքերը հենած, գոտկատեղին դրված 112 կգ ծանրությունով 8 անգամ կատարել է հենում-ծալում վարժությունը: «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը Էդգարի սահմանած ռեկորդը ներկայացրել է հաստատման:
Օրեր անց Էդգար Բադալյանը ՀՀ բուհերի ուսանողների հանրապետական մարզական խաղերի պաուերլիֆտինգի առաջնությունում կներկայացնի ՀՊՏՀ-ն: Մագիստրանտն իր հերթին շնորհակալություն հայտնեց դեկանին և բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանին՝ իրեն ոգևորելու և իր մարզական հաջողությունները գնահատելու համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին