ՀՊՏՀ ներկայացուցիչը դասախոսել է Ճապոնիայի Վասեդա համալսարանում

Դիտումների քանակ՝ 1872

Ճապոնիայի Վասեդա համալսարանի հետազոտող, հայագետ Տակայուկի Յոշիմուրայի հրավերով ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աննա Վարդանյանը երեկ հյուրընկալվել է նույն համալսարանի ճապոնացի ուսանողներին և նրանց համար հանդես եկել «Հայաստան-Ճապոնիա մշակութային, տնտեսական, դիվանագիտական հարաբերություններ» թեմայով դասախոսությամբ։ Այս մասին Ճապոնիայից մեզ հայտնեց Աննա Վարդանյանը և ներկայացրեց այցի մանրամասները:

Ուշագրավ է, որ ճապոնացի ուսանողները նախապես ծանոթացել են Աննա Վարդանյանի կենսագրությանը, նախասիրություններին, ինչպես նաև կարդացել են ճապոներենով տպագրված հայագիտական նյութեր և նախապատրաստել հարցեր: Դասախոսության վերջում ակտիվ հարցուպատասխան է ծավալվել:

«Պարզվեց՝ ուսանողները տեղյակ էին հայերի, ղարաբաղյան հակամարտության մասին, ինչպես նաև այն մասին, որ հայերը շատ հանդուրժող են այլ ազգերի և ժողովուրդների նկատմամբ: Ես ներկայացրել եմ Հայաստանի և հայ ժողովրդի մասին պատմող տեսաֆիլմ և իմ՝ որպես ճապոնագետի, մինչ այս արած ուսումնասիրությունների արդյունքները, անդրադարձել հայ-ճապոնական դիվանագիտական և պատմամշակութային կապերին»,-ասաց Աննա Վարդանյանը և հավելեց՝ Տակայուկի Յոշիմուրան սիրով է ընդունել Հայաստան գալու իր հրավերը և եկող տարի դասախոսությամբ հանդես կգա ՀՊՏՀ-ում։

«Ուսանողները գոհ էին հանդիպումից, ինձ ճանապարհեցին ծափահարություններով: Վերջում ես հայագիտական գրքեր նվիրեցի Վասեդա համալսարանի գրադարանին: Շատ տպավորված եմ. Վասեդա համալսարանը Ճապոնիայի ամենահին համալսարաններից մեկն է, որը հիմնադրվել է 1882 թվականին: Այն ունի ավելի քան 50.000 ուսանող։ Վասեդան տվել է մի քանի վարչապետներ (Ճապոնիայի), աշխարհահռչակ գրականագետներ, ՏՏ ոլորտի առաջատարներ։ Վերջում ինձ հրավիրեցին բուհի տարածքում շրջայցի, որտեղ կային համալսարանի մի քանի թանգարաններ, գեղեցիկ ճապոնական այգի»,- իր տպավորությունները փոխանցեց ՀՊՏՀ դասախոսը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին