ՀՊՏՀ շրջանավարտ քաջ տղաները. ճանաչենք մեր հերոսներին, որոնք հայրենիքը վեր դասեցին ամեն ինչից

09.11.2020
Դիտումների քանակ՝ 1684

Արցախա-ադրբեջանական պատերազմում իրենց սխրագործություններով աչքի են ընկնում թե′ ՀՊՏՀ ուսանողները, թե′ շրջանավարտները: Հայրենիքի պաշտպանության գործում նրանցից շատերը նվիրաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը: Մեր այս անդրադարձը նվիրված է Արցախում հերոսաբար ընկած ՀՊՏՀ շրջանավարտներին:Վահե Աշոտի Վերդյանը արցախցի էր, Շուշի բերդաքաղաքից: 2016 թ. ավարտել էր ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը` կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտության գծով, նույն տարում ընդունվել էր նշված մասնագիտության մագիստրատուրա: Մագիստրատուրայի 2-րդ կուրսում նրան տարկետում է տրամադրվել: Վահեն զինվորական գործի սիրահար էր, նպատակասլաց ու խոստումնալից սպա. ավագ լեյտենանտ էր, վերապատրաստվել էր Չինաստանում: Նա զոհվել է Արցախում` իր զինվորի կյանքը փրկելիս: Վահե Վերդյանը նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր, և որպես կամավորական-ուսանող մենք նրան, ինչպես նաև քառօրյայի մասնակից բոլոր ՀՊՏՀ-ականներին անդրադարձել էինք «Տնտեսագետ» ամսագրում:

«Շատ աշխույժ տղա էր, մարդկային բարձր հատկանիշներով, խելացի, աշխատասեր: Անընդհատ ձգտում էր նորին, շատ եռանդուն էր: Նա մեր սիրելի ուսանող Վահեն է, որը հաճախ էր գալիս դեկանատ և աչքի էր ընկնում իր պայծառ տեսակով» -ասաց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ավագ գործավարը:

Հակոբ Ռաֆայելի Հակոբյանը կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ էր: Գործարար կառավարում մասնագիտացման մագիստրոս էր: Ավարտել էր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի բակալավրիատը: Առաջնագիծ էր մեկնել սեպտեմբերի 30-ին` որպես պահեստազորային, հրետանավոր էր: Աշխատում էր ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերլուծաբան: Հակոբն ուսումնատենչ տղա էր, հիանալի էր սովորում, վարժ տիրապետում էր օտար լեզուների և «Էրազմուս+» ծրագրով 1 կիսամյակ ուսումնառել էր Էստոնիայում: 2-րդ մագիստրոսական կրթությունն էր ստանում Հայաստանի ամերիկյան համալսարանում: Հակոբի քույրը` Գայանե Հակոբյանը asue.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր երազանքն էր սովորել նաև Մասաչուսեթսի համալսարանում, ունենալ սեփական բիզնես ընկերությունը. շատ ու շատ նվիրական երազանքներ, որոնք կիսատ մնացին հանուն հայրենիքի:

«Հակոբը ծայրաստիճան պատասխանատու մարդ էր, չէր սիրում որևէ գործ կիսատ թողնել, անչափ հայրենասեր էր և նաև լավ հրետանավոր: Ընկերներն ասում են, որ նրա հարվածները միշտ անվրեպ էին…

Սիրում էր կամավորական աշխատանքներ անել, մեծ փորձ ուներ»,-ասաց Գայանեն: Հակոբը ծանր վիրավորում է ստացել Սանասարը (Կուբաթլին) պաշտպանելիս, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը…

Էրիկ Գաբրիելի Սայադյանը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 2020թ. շրջանավարտ էր, ստացել էր ֆինանսիստի մասնագիտություն: Մենք կապ հաստատեցինք հերոսի ծնողների հետ, հայրն ասաց, որ Էրիկը մեծ հայրենասեր էր, պայմանագրային հիմունքներով աշխատում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում, առաջիկայում պետք է ստանար լեյտենանտի կոչում, ավա᷉ղ…

Պատերազմական օրերին Արաքսի հովտում մասնակցել է մարտական գործողություններին ու արիաբար զոհվել: Մայրը` Ալինա Շավարշյանը, արցունքները զսպելով ասաց, որ որդու համար հայրենիքն ամեն ինչ էր, անգամ վեր էր ընտանիքից:

«Էրիկս շատ բարի, մարդասեր տղա էր: Կարևորում էր ուսումը, սկզբում սովորում էր առկա, հետո ընտանիքին ֆինանսապես աջակցելու մղումով, աշխատանքի անցավ ու տեղափոխվեց հեռակա համակարգ, այնուամենայնիվ, աշխատանքը չէր խանգարում նրան սովորել, միշտ ձգտում էր մասնակցել դասերին, մեծ հարգանք ու սեր էր վայելում թե′ բուհում, թե′ շրջապատում»,-նշեց հերոսացածի մայրը:

Խոնարհվում ենք հերոսների ընտանիքների առաջ այն, ինչ հայրենիքի համար արեցին ձեր սիրասուն զավակները, անչափելի է: Հավերժ փա′ռք մեր տղաներին:

Հ.Գ.Սիրելի հետևորդներ, մենք փորձում ենք անդրադառնալ և արժանիորեն ներկայացնել հայրենիքի նվիրյալ մեր բոլոր ուսանողներին և շրջանավարտներին, սակայն ոչ բոլորի մասին ենք տեղեկանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին