Կյանքից հեռացել է ՀՊՏՀ կոմերցիայի ամբիոնի նախկին վարիչ Գագիկ Չատինյանը
Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ դասախոս-գիտնական, կոմերցիայի ամբիոնի երախտավոր Գագիկ Սիրեկանի Չատինյանը:
Տնտեսագիտական համալսարանում նրա երկարամյա աշխատանքային ուղին սկսվում 1975 թվականից` բուհի ստեղծումից ի վեր: Իսկ մինչ այդ` 1971-1975 թթ. Երևանի պետական համալսարանի առևտրի էկոնոմիկայի ամբիոնում զբաղեցրել է ասիստենտի պաշտոնը:
1976-1977 թթ. ԵրԺՏԻ առևտրի էկոնոմիկայի ամբիոնում ավագ դասախոս էր, 1977-ից` նույն ամբիոնի դոցենտ: 2003-2014 թթ. Նա ՀՊՏՀ կոմերցիայի ամբիոնի վարիչն էր: Համալսարանում դասախոսել և գիտական գործունեություն է ծավալել մինչև 2019 թ.:
Գագիկ Չատինյանը ոչ միայն հիանալի դասախոս և վարչարար էր, այլև գիտնական, ով խորամուխ էր առևտրի և արդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք թեմաների ուսումնասիրության գործում: Հեղինակ է ավելի քան 70 հոդվածների, մեթոդական և գիտահետազոտական աշխատանքների, «Առևտրի տնտեսագիտություն» գրքի, համահեղինակ է 3 ուսումնական ձեռնարկի:
Նրա գիտական ղեկավարությամբ գիտական աշխարհում իրենց առաջին քայլերն են արել 1 տասնյակ մագիստրոսներ, թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել 3 ասպիրանտներ:
Մեզ հետ զրույցում կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դեցենտ Միքայել Մարդումյանը նշեց. «Գագիկ Չատինյանը մեր ամբիոնի հիմնադիրներից է, որը մեծ ներդրում ունի ամբիոնի կայացման գործում: Նա հրաշալի գիտնական էր, սիրված դասախոս ու գործընկեր: Չատինյանի մասին միայն կարելի է լավը խոսել»:
Մեր ցավակցությունն ենք հայտնում Գագիկ Չատինյանի ընտանիքին ու հարազատներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին