Կյանքեր` հանուն հայրենիքի. քաջի մահով ընկան ՀՊՏՀ-ական Ալբերտն ու Արենը

08.11.2020
Դիտումների քանակ՝ 2067

Արցախը կա ու կլինի հայի օրրանը: Մայր հողն իրեն պաշտպանող արժանի ու քաջարի զավակներ ունի, ովքեր կյանք են տալիս հանուն հայրենիքի:

Արցախը պաշտպանելիս հերոսի մահով ընկան ՀՊՏՀ ուսանողներ, ժամկետային զինծառայողներ Ալբերտ Բախշյանն ու Արեն Առաքելյանը:

Ալբերտը կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող էր, Արենը սովորում էր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսում:

Մեզ հետ զրույցում դեկանները բնութագրեցին հայրենիքի հերոս զավակներին:

«Ալբերտը խելացի, հումորասեր տղա էր: Նրան հիշում ենք որպես բարձրահասակ, հմայիչ ու ժպտերես երիտասարդի: Բարձր հասարակական ակտիվություն ուներ, ՀՊՏՀ ուրախների և հնարամիտների ակումբի անդամ էր, ծիծաղը միշտ զարդարում էր դեմքը: Հավերժ փառք մեր հերոսին»,-ասաց կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը Արենին բնութագրեց որպես բարեկիրթ ու ընգծված համեստ տղայի, ով վայելում էր շատերի համակրանքը:

Մեր քաջ տղաների մասին խոսեցին նաև նրանց մտերիմ ընկերները, աղջիկներ, ովքեր թիկունքից միշտ քաջալերում էին տղաներին, սպասում նրանց վերադարձին….

Ուսխորհրդական Լուսինե Խուրշուդյանը Ալբերտի մանկության ընկերն է, նրա խոսքով` ամենաբնութագրական բառն Աբոյի համար բարությունն է:

«Վառ անհատականություն էր, նվիրվող, օգնող ու հավատարիմ ընկեր, որին սիրում էին բոլորը»,-ասաց Լուսինեն:

Արենի կուրսընկեր Մարինե Հարթենյանը մեզ փոխանցեց իրենց վերջին հեռախոսազրույցից հատված. պայթյունի ձայների ներքո Արենը Մարինեին խոստացել էր թշնամուն հետ շպրտելուց հետո կարդալ նրա ուղարկած գիրքը: Ասել է, որ չի կարող երկար խոսել, հայրենիքի պաշտպանության գործն իրեն է սպասում : Ու խոստացել էր կրկին զանգել….

Մարինեն էլ Արենին խոստանում է` իրագործելու է նրա անկատար մնացած երազանքները, կարդալու է գիրքն ու պատմի նրան…

Ցավակցություն ենք հայտնում անմահ հերոսների ընտանիքին ու հարազատներին:

Փառք ու խոնարհում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին