«Էրազմուս+». հանդիպում և շնորհանդեսներ՝ համեմված հետաքրքրիր հուշերով

Դիտումների քանակ՝ 1587

«Էրազմուս+» եվրոպական ծրագրի շրջանակում այսօր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կազմակերպած հերթական հանդիպումը շնորհանդեսային էր ու տեղեկատվական: Ի՞նչը կարող է առավել գրավել ու հետաքրքրել արտերկրում սովորել ցանկացողներին, եթե ոչ հասակակիցների գունեղ ու զվարթ պատմությունները: Եվ ահա, մասնակիցներին ողջունեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և խոստացավ ապագա դիմորդներին ծրագրին դիմելու մանրամասներն ու ընթացակարգային նրբությունները ներկայացնել շնորհանդեսներից հետո:
Ֆինանսական ֆակուլտետի արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ, համակուրսեցիներ Թամարա Գյոզալյանը (Ռումինիա, Սուչավա քաղաքի Շտեֆան Չելմարեի համալսարան), Կարեն Օրդյանը (Բելգիա, Հասելթի համալսարան), Արմինե Խաչատրյանը (Հունաստան, Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան), Տիգրան Սարգսյանը (Բուլղարիա, Վառնայի կառավարման համալսարան) «Էրազմուս+»-ի շահառուներ են, ծրագիրը նրանց հնարավորություն է ընձեռել նախորդ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացում սովորել նշված երկրների համալսարաններում, նոր գիտելիք, ինքնուրույն ապրելու փորձ ձեռք բերել, հաղորդակցվել նոր մշակույթի ու ավանդույթների հետ, շրջագայել: Այս մասին էին նրանց տեսաշարերը, տպավորությունները և հավաստիացումները, որը ծրագիր, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի անմիջական աջակցությամբ և հոգածությամբ, մասնագիտական ձեռքբերումների, ինքնահաստատման ու զարգացման նոր ուղի է հարթում ցանկացողների համար:
Վարդ Ղուկասյանը մասնակիցներին ներկայացրեց «Էրազմուս+» ծրագրի հետ մեր բուհի գործակցության պատմությունը, ծրագրի ՀԳ–1 գործողությունը, որը ապահովում է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների միջազգային կրեդիտային շարժունությունը, այնուհետը՝ դիմելու ընթացակարգը, մրցույթը (անգլերենի քննություն, հարցազրույց), որը պետք է հաղթահարի դիմորդը, եռակողմ պայմանագրի կնքման, ճամփորդության կազմակերպման մանրամասները:
Վարդ Ղուկասյանը տեղեկացրեց, որ դիմորդների առաջին խումբը արդեն հանձնել է անգլերենի քննությունը, երկրորդ խմբի համար նախատեսվում է կազմակերպել հոկտեմբերի կեսերին, ապա սիրով պատասխանեց հարցերին՝ հավելելով, որ ծրագրի մասին բոլոր մանրամասներն ու նորությունները դիմորդը կարող է գտնել ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում և «Միջազգային ծրագրեր» խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին