Համագործակցության ընդլայնմանն ընդառաջ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1926

Գործատուների հետ իրական համագործակցության կառուցման Տնտեսագիտական համալսարանի գործունեության համատեքստում այսօր մեր բուհում հյուրընկալվեցին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը և անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը: Ընկերության հետ ՀՊՏՀ-ն համագործակցում է տարիներ ի վեր, գործակցությունն իրականացվում է բանկային գործի և ապահովագրության ամբիոնի միջոցով: Այժմ սակայն, երբ ՀՊՏՀ-ում վերակառուցվում է փորձառությունների կազմակերպման գործընթացը, վերանայվում և վերափոխվում են կրթական ծրագրերը՝ գործատուների հետ համագործակցությունը նոր որակ է ստանում:

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ներկայացուցիչները՝ ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ Աշոտ Մարդոյանի ուղեկցությամբ այսօր հյուրընկալվեցին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին: Բուհի ղեկավարը ողջունեց հյուրերին, ներկայացրեց ՀՊՏՀ-ում իրականացվող բարեփոխումները, շեշտեց ապահովագրական գործ մասնագիտության առաջմղման կարևորությունը, գործատուներին համալսարանական կյանքին ներգրավվելու անհրաժեշտությունը, մատնանշեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները, որոնք ունեն համագործակցության ներուժ: «Դուք որպես գործատու կարող եք ներգրավվել կրթական ծրագրերի ձևավորման գործում, ձեր ընկերության մասնագետները կարող են մասնակցել դասավանդման գործընթացին, մեր ուսանողները կարող են ձեզ մոտ անցնել փորձառությունը, դուք կարող եք ներգրավվել ուսանողների ավարտական աշխատանքների թեմաների ընտրությանը՝ առաջադրելով ձեր ընկերության համար կարևոր թեմաներ»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ բուհը աշխատաշուկայի հետ գործակցելու քայլ է կատարում՝ ակնկալելով, որ գործատուներն էլ ընդառաջ կգան:

Անահիտ Աստաբատցյանն ընդգծեց, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է շարունակել Տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությունը՝ նոր առաջարկությունների և գաղափարների շրջանակներում: Լուսինե Գևորգյանը նշեց՝ հաճելի է տեսնել ՀՊՏՀ բաց համագործակցության հրավերն՝ ուղղված գործատուներին՝ հավելելով, որ մինչ այժմ հակառակին են ականատես եղել:

Հանդիպման ավարտին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսի երկու ուսանողի՝ Էմմա Պետրոսյանին և Գոհար Թադևոսյանին կրթաթոշակ է հատկացվել: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ուսանողներին հանձնեց հավաստագրերը և շնորհավորեց նրանց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին