ՀՊՏՀ-ն իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության բարելավմանը

21.01.2021
Դիտումների քանակ՝ 1311

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2020թ․ տարեվերջին  դարձել է միջազգային՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի համակարգող։ Նախագիծը ունի 1,5 տարվա տևողություն և համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: Նախագծի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։

Այսօր առցանց ձևաչափով կայացավ նախագծի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներատեխնոլոգիական բաժնի ղեկավար Վլադիմիր Դեխտյարյովը, «Հաթերք Ֆուդ» կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սոնա Մատինյանի գլխավորությամբ, ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՓՄՁ-ների և հետազոտական ինստիտուտների ու ակադեմիական կառույցների հետաքրքրված ներկայացուցիչներ:

Հանդիպումը բացեց ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը, ով հակիրճ ներկայացրեց նախագիծը և ելույթի համար խոսքը փոխանցեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին։ Բուհի ղեկավարը ողջունեց մասնակիցներին, ապա նշեց, որ թեև 2020 թվականը ծանր տարի էր, որն իր բացասական ազդեցությունը թողեց նաև մեր  բուհի գործունեության և հատկապես միջազգայնացման գործընթացների վրա, այդուհանդերձ, նույնիսկ այս պայմաններում ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնին հաջողվել է գրանցել շոշափելի արդյունքներ և դառնալ Վիշեգրադյան քառյակի նախագծի համակարգող և ստանալ ֆինանսավորում։ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց, որ ՀՊՏՀ գործընկերները սույն նախագծի շրջանակներում բավականին հեղինակավոր բուհեր և ինստիտուտներ են, մասնավորապես Մասարիկի համալսարանը (Չեխիա), Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան), «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան) և Կոշիցեի տեխնիկական համալսարանը (Սլովակիա):

«Կարծում եմ, որ նախագիծը կարևորություն ունի Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նպատակ ունի խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Սա հատկապես կարևորում եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում, քանի որ նախագծի շրջանակում հնարավոր է լինելու բարձրացնել հայկական ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ տեխնոլոգիական ծրագրեր իրականացնելու գործում, ընդլայնել և ամրապնդել համապատասխան աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները տեխնոլոգիաների փոխանցման գործում և այլն»,- ասաց Դիանա Գալոյանը՝ ծրագրին մաղթելով բարի երթ։

Մասնակիցներին ողջունեց նաև «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներատեխնոլոգիական բաժնի ղեկավար Վլադիմիր Դեխտյարյովը հույս հայտնելով, որ կհաջողվի հասնել նախագծի նպատակներին, մասնավորապես Հայաստանի գիտահետազոտական ենթակառուցվածքների բարելավմանը։

Այնուհետև բանախոսները հանդես եկան նախագծի վերաբերյալ շնորհանդեսներով։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը ներկայացրեց նախագծի նպատակը, ազդեցությունը և շահառուներին, միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը ներկայացրեց նախագծի ժամանակացույցը և գործողությունները, Սամվել Միրզախանյանը սեփական ՓՄՁ-ի օրինակով խոսեց իրենց կարիքներից և սպասելիքներից, իսկ Վլադիմիր Դեխտյարովն անդրադարձավ հետազոտական ինստիտուտների կարիքներին, ակնկալվող արդյունքներին և հանդես եկավ առաջարկներով։

Հավելենք, որ նախագծի նպատակն է բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ,ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում, մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին