Պատերազմի մասնակից ուսանողներից յուրաքանչյուրի աչքերում հուսատու լույս կա. Մերի Բադալյան

22.01.2021
Դիտումների քանակ՝ 1389

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը այս ամիսներին ընդունել է Արցախյան պատերազմին մասնակցած ապագա հաշվապահ ուսանողներին, այդ թվում՝ ժամկետային զինծառայողներ ու կամավորներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը դեկանին խնդրել է ամփոփել հանդիպումները, ներկայացնել գեղեցիկ նախաձեռնության արդյունքը, խոսել ուսանող-զինվորներին հատկացվող հատուկ ուշադրության, ուսման ու հայրենիքի վերաբերյալ ուսանողների դիրքորոշումների մասին:

«Իմ հերոս ուսանողներին  հյուրընկալելու, նրանց հետ առանձնազրույցի գաղափարը ինքնաբուխ եղավ. ֆակուլտետի ՈւԽ նախագահ Քրիստինե Հակոբյանը մի օր ինձ ասաց, որ մեր ուսանող-զինվորներից 2-ը բուհում են և ինձ հանդիպելու ցանկություն ունեն: Հրավիրեցի նրանց, հետաքրքրվեցի ծառայությամբ, պատմեցին իրենց սխրանքների մասին: Շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույց էր: Հետո որոշեցի պատերազմին մասնակցած մեր ֆակուլտետի բոլոր ուսանողներին հանդիպել: Պետք է նշեմ, որ նրանցից յուրաքանչյուրը հերոս է, հայրենանվեր ու դրվատանքի արժանի: Յուրաքանչյուրի  աչքերում հուսատու լույս կա, ինչն ապրեցնում է մեզ»,-ասաց Մերի Բադալյանը:

Դեկանը ուշադրության է արժանացնում այն փաստը, որ ուսանողները պատերազմից հետո առավել շատ են կարևորում կրթության դերը, նախանձախնդիր են որակյալ ուսում ստանալու հարցում:

Ժամկետային զինծառայողներ, 1-ին կուրսի ուսանողներ  Արամ Մարտիրոսյան, Մարտին Բաղդասարյան, Տարոն Բալայան, կամավորներ, 1-ին կուրսի մագիստրանտներ Սերգեյ Չոբանյան, Սամվել Կարապետյան, Քրիստինե Պետրոսյան,  3-րդ կուրսեցի Արամ Հովհաննիսյան, 4-րդ կուրսեցի Արման Գրիգորյան, 2-րդ կուրսեցիներ Վահան Բալոյան, Հենրիկ Գևորգյան, 5-րդ կուրսեցի Խաչատուր Խաչատրյան. նրանք հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հերոսներն են, որոնք մահը հաղթած՝ անցնող շրջանում այցելել են հարազատ համալսարան:

Դեկանի խոսքով՝ հանդիպումները շարունակական են, սպասվում են նոր ռազմահայրենասիրական զրույցներ, իսկ պատերազմի մասնակիցները կօգտվեն պետության տրամադրած ուսման վարձի փոխհատուցման ՀՀ Կառավարության ծրագրից:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է դեկանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին