«Վերափոխելով բանականությունը» ֆորումին ընդառաջ ՀՊՏՀ-ում կայացավ տեղեկատվական հանդիպում
Հոկտեմբերի 16-18-ը Երևանում կայանալու է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից կազմակերպվող «Վերափոխելով բանականությունը» (Transforming Intellingence) խորագրով գլոբալ ինովացիոն ֆորումը: Այսօր ՀՊՏՀ-ում հիմնադրամի տվյալագիտության փորձագետ Մհեր Մաթևոսյանը և հաղորդակցման և սոցիալական մեդիայի մասնագետ Արմինե Պետրոսյանը ուսանողներին և համալսարանի աշխատակիցներին ներկայացրին սպասվող ֆորումի բովանդակային կողմը: ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց հյուրերին և ամբիոնը տրամադրեց նրանց:
Աստղաֆիզիկայից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն... բանախոսները հավաստիացրին՝ ֆորումի թեմատիկ ընդգրկվածությունը մասնակիցներին թույլ կտա գիտելիք քաղել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունների վերաբերյալ: Իսկ այդ մասին, ըստ կազմակերպիչների, կխոսեն աշխարհի լավագույն համալսարաններից (Հարվարդի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական, Էդինբուրգի և այլն) ու կազմակերպություններից հրավիրված փորձագետները: Ֆորումի առանցքային թեման արհեստական բանականությունն է:
Առանձնահատուկ անդրադարձ եղավ ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ին ՀՊՏՀ-ում անցկացվելիք՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ իրականացվող պանելային քննարկմանը, որը, Մհեր Մաթևոսյանի խոսքով, դիտարկելու է տնտեսագիտության խնդիրների մոդելավորման ժամանակակից հարցերը:
Տեղեկացնենք, որ FAST-ը նախատեսում է ֆինանսավորել ՀՊՏՀ 10 մասնակիցների (5 դասախոս, 5 ուսանող) մասնակցությունը ֆորումին: Այս մասնակիցներին մրցութային կարգով ընտրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտը: Այդ մասին ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվությանև հասարակայնության հետ կապերի բաժին