ՀՊՏՀ-ն կազմակերպում է կարճաժամկետ վճարովի դասընթացներ. մեկնարկը տրված է

Դիտումների քանակ՝ 3578

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նախաձեռնել է կարճաժամկետ վճարովի դասընթացներ՝ տարբեր ոլորտներով և թեմաներով հետաքրքրվողների համար: Այդ դասընթացներն ուղղված են լայն հանրությանը, կարող են դիմել ոչ միայն ՀՊՏՀ աշխատակիցները, ուսանողները և շրջանավարտները, այլև բոլոր ցանկացողները:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, մեր խնդրանքով անդրադառնալով նախաձեռնությանը, նշեց, որ Տնտեսագիտական համալսարանն իր զարգացման նոր շրջանում հատուկ կարևորում է կարճաժամկետ վճարովի դասընթացների կազմակերպումը: «Միջազգային պրակտիկայում շարունակական կրթությունը, կարճաժամկետ դասընթացների կազմակերպումը որակյալ կրթության նախադրյալ են, քանի որ այսօր գիտությունը, տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ թվում է՝ եթե վերջին մի քանի տարիներին որևէ կրթություն չես ստացել կամ չես թարմացրել ոլորտային գիտելիքներդ, ապա աշխատաշուկայում կարող ես մրցունակ լինելու խնդիր ունենալ: Մյուս կողմից, համաշխարհային առաջատար բուհերում կարճաժամկետ դասընթացները նաև եկամտի աղբյուր են, ինչը թույլ է տալիս բուհերին դիվերսիֆիկացնելու եկամուտները: Սա է պատճառը, որ մենք զարկ ենք տվել այս նախաձեռնությանը»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց բուհի ղեկավարը:

Դիանա Գալոյանը մանրամասնեց, որ դասընթացները նախաձեռնելուց առաջ թե՛ ուսանողների, թե՛ աշխատակիցների շրջանում կատարվել է պահանջարկի գնահատում, ապա հավելեց, որ դասընթացները վարելու են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ: «Դասընթացներին հնարավորինս շատ մասնակիցներ ներգրավելու համար համագործակցում ենք նաև մասնավոր և պետական հատվածների հետ»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը:

Նախաձեռնությունն արդեն գործողության մեջ է, ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը հայտարարել է առաջին դասընթացի մասին: Հոկտեմբերի 22-ին կմեկնարկի «Աշխատակազմի կառավարման հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում» թեմայով դասընթացը, որը կվարի աշխատանքային օրենսդրության մասնագետ, տնտեսագիտության թեկնածու, իրավագետ Թադևոս Ավետիսյանը: 24 հանդիպումից բաղկացած դասընթացը նախատեսված է անձնակազմի կառավարման մասնագետների, հաշվապահների, իրավաբանների համար:

Մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 24-ին ՀՊՏՀ ռեկտորատը որոշեց կարճաժամկետ վճարովի դասընթացների մասնակից ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար սահմանել 30, իսկ շրջանավարտների համար՝ 10 տոկոս զեղչ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին