Մարքեթինգ մասնագիտության ուսանողները իրազեկվում են eDrone ծրագրի մասին, ներգրավվում առաջարկությունների մշակման գործընթացում
ՀՊՏՀ-ն ներգրավված է Եվրամիության eDrone («Էրազմուս +», Կարողությունների զարգացմանը միտված գործընկերային ծրագրեր (ՀԳ2)) ծրագրում, որի շրջանակում մեր ուսանողների համար կազմակերպվում են տեղեկատվական սեմինարներ, որոնց միջոցով նրանք մասնակից են դառնում դրոնների կիրառման ոլորտների ընդլայնմանն ուղղված առաջարկությունների մշակման գործընթացին:
Մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսում «Նորամուծությունների մարքեթինգ» առարկայի սեմինարին այսօր մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը գործնական առաջադրանք հանձնարարեց՝ թիմային աշխատանքի միջոցով մշակել և ներկայացնել Հայաստանում դրոնների կիրառությունն ընդլայնող առաջարկություն կամ բիզնես պլան, որը կարող է դառնալ ստարտափ: Մինչ առաջադրանքը մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վադիմ Գրիգորյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները, ապա նշեց, թե որ ոլորտներն են դիտարկվում դրոնների կիրառումն ընդլայնելու տեսանկյունից:
Լիլիթ Դադայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ լավագույն գաղափարները խրախուսվելու են և ներկայացվելու են ընդհանուր ծրագիրը համակարգող իտալացի գործընկերների ուշադրությանը:
Ուսանողները բաժանվեցին թիմերի և ակտիվ քննարկում սկսեցին՝ որոնելով առաջադրանքի լուծման եղանակներ:
eDrone-ի նպատակը նոր ուսումնական միջավայրի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը:
Լիլիթ Դադայանը հայտնեց, որ փետրվարին Երևանում նախատեսվում է ծրագրի արդյունքների տարածմանն ուղղված աշխատաժողով, որին կմասնակցեն բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները:
Ծրագրի մասին ավելին՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին