ՀՊՏՀ-ն դարձել է միջազգային ծրագրի համակարգող

Դիտումների քանակ՝ 2202

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համակարգելու է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» (Transferring V4 expertise in knowledge/technology transfer) ծրագիրը։ Այս մասին հաղորդում են «Ամբերդ» հետազոտական կենտրոնից:

Ծրագրի գործընկերներն են «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը (Հայաստան), Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական (Վրաստան), Սիլեզիայի տեխնոլոգիական (Լեհաստան), Կոշիցեի տեխնիկական  (Սլովակիա) և Մասարիկի համալսարանները (Չեխիա):

Ծրագրի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է.

  • բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ,
  • ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները,
  • մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ:

Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝ առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին