Առաջին «Ժան Մոնե Նեթվորք» միջազգային նախագիծը ՀՊՏՀ-ում է

Դիտումների քանակ՝ 2327

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի «Ժան Մոնե Նեթվորք» գործողության 2020թ. հաղթած նախագծերի շարքում է EUCON (ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն) նախագիծը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: Նախագծի համակարգողը Վիեննայի Կիրառական գիտությունների համալսարանն է (UAS-BFI):

EUCON-ի նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների ամբողջական շրջանակը, որը բնութագրվում է կոնֆլիկտով և մրցակցությամբ, մերձեցմամբ և համագործակցությամբ (հնարավոր): Նախագիծը միտված է պարզելու, թե որն է հարաբերությունների ստատուս-քվոն, որոնք են հակամարտության ոլորտները, դրա հիմնական պատճառները, հետևանքները, ինչ դեր է խաղում մրցակցությունը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ինչ դեր է խաղում Չինաստանի վերելքը, որտեղ են առկա կոնվերգենցիայի ոլորտները, որոնք են առկա համագործակցության ոլորտները և հետագա համագործակցությունն ընդլայնելու նախադրյալները:

Նախագծի առջև դրված նպատակներին հասնելու համար իրականացվելու են սեմինարներ և միջազգային ամառային դպրոցներ, համատեղ հետազոտություններ, նորարար դիդակտիկ մեթոդներ կիրառող սեմինարներ, ինտերակտիվ ուսուցողական կայքի ստեղծում, կլոր-սեղան քննարկումներ, համատեղ հանրային միջոցառումներ՝ նախագծի արդյունքները ներկայացնելու և գիտական ոլորտից դուրս առավել լայն լսարանին հասցնելու համար:

Նշենք, որ EUCON-ը առաջին «Ժան Մոնե Նեթվորք» նախագիծն է ՀՊՏՀ-ում: Նախագծում ՀՊՏՀ-ից ներգրավված են միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի տ.գ.թ., ասիստենտներ Ալբերտ Հայրապետյանը և Սուսաննա Աղաջանյանը:

Նախագիծը ՀՊՏՀ-ում կիրականացնեն ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը և միջազգային կապերի բաժինը:

Այլ մանրամասների մասին՝ առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին