1975թ.-ից ի վեր՝ ՀՊՏՀ-ի մի մասնիկն եմ. Մարտին Ֆահրադյան

Դիտումների քանակ՝ 3638

Սիրելի´ ՀՊՏՀ-ականներ, վերսկսում ենք բուհի 45-ամյակին նվիրված asue.am բլից հարցազրույցների շարքը, որին մասնակցում են համալսարանի ավագ և երիտասարդ սերնդի դասախոսները: Բլից երկխոսությունում կրթօջախի երախտավորները արտահայտում են իրենց սերն ու հիացմունքը ՀՊՏՀ-ի նկատմամբ, արձանագրում հիշողություն դարձած լավագույն ակնթարթները: Մեր զրուցակիցն է վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ. Մարտին Ֆահրադյանը:

-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-ՀՊՏՀ-ն կենսագործունեության միջավայր է, որտեղ իրականանում է դասախոսի գիտամանկավարժական գործունեությունը: Այլ կերպ ասած` այն ընտանեկանին հաջորդող երկրորդ անաղարտ, մաքուր օջախն է, որտեղ պետք է դրսևորվեն անհատին բնորոշ բոլոր վեհ գաղափարներն ու մտահղացումները:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-1969թ., ավարտելով ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությունը, անմիջապես անցել եմ աշխատանքի, իսկ 1975թ.-ից մինչև այժմ աշխատում եմ ՀՊՏՀ-ում՝ վիճակագրության ամբիոնում զբաղեցնելով պրոֆեսորի պաշտոնը:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

-Ամեն օր համալսարան եմ գալիս ոչ միայն անհրաժեշտ գիտելիք ստանալու, այլ նաև այն մեր երիտասարդ սերնդին փոխանցելու, միաժամանակ՝ կոլեկտիվի անդամների հետ շփվելու, նրանցից ստանալու ոչ միայն անհրաժեշտ էներգիա, այլ նաև՝ փոխանցելու գիտամանկավարժական փորձն ու հմտությունները:

-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…

-1975թ.-ից ի վեր՝ ՀՊՏՀ-ի մի մասնիկն եմ և իմ կառավարչական ու գիտամանկավարժական ներդրումն եմ ունեցել նրա կայացման ու զարգացման գործում:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

-Գիտամանկավարժական գործունեության երկարատև տարիների ընթացքում ուսուցչի դեր կարող են ստանձնել տարբեր անձինք: Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում ուսումնառելու տարիներին ինձ համար ուսուցիչներ են եղել Կ.Կարագյանը և Վ. Խլղաթյանը: Ասպիրանտուրայում սովորելու տարիներից սկսած՝ մինչ օրս էլ ինձ համար ուսուցիչ է հանդիսանում իմ գիտական ղեկավարը՝ Մոսկվայի պետական համալսարանի վիճակագրության, ժողովրդագրության մասնագիտության պրոֆեսոր, երջանկահիշատակ Ա.Յա. Բոյարսկին:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

-Եթե դասախոս չդառնայի, ապա կարող էի իմ ընդունակությունները դրսևորել տնտեսական, պետական կառավարման, ռազմական և մշակութային բնագավառներում:

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

- ՀՊՏՀ-ականները իրենց պարտականությունները կատարում և իրավունքներն իրացնում են բարձր մակարդակով: Արվում է ամեն բան՝ Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն բարձր գիտելիքներով օժտված մասնագետներ, այլև ազգանվեր շրջանավարտներ տալու համար: Սա է համախմբում:

-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

-Անցած 45 տարիների ընթացքում ՀՊՏՀ շրջանավարտները տնտեսական, գիտական, քաղաքական, ռազմական, սոցիալական և այլ բնագավառներում ունեցել են այնպիսի հաջողություններ, որոնք մեծ հարգանք ու պատիվ են բերում մեր պետությանը և ժողովրդին:

-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-ՀՊՏՀ-ն իմ մտապատկերում ասոցացվում է իմ ընտանիքի, օջախի հետ:

-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

-ՀՊՏՀ-ի ամենատաքուկ անկյունը ինձ համար մեր ամբիոնն է, ընթերցասրահը և լսարանը: Այդ 3-ի միավորման մեջ եմ ինձ զգում լիարժեք մարդ, դասախոս և գիտական աշխատող:

-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:

-ՀՊՏՀ, ինչպես նաև ցանկացած ուսումնական և գիտական հիմնարկների հաջողությունների գրավականը պայմանավորված է ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցության ու ներդաշնակ աշխատանքի արդյունքով: Այդ համագործակցությունը իրականացվում է ամբիոններում կազմակերպվող գիտական սեմինարների, համալսարանական, հանրապետական և միջազգային սեմինարների ու կոնֆերանսների կազմակերպման և անցկացման արդյունքում: Ինչ խոսք, նման համագործակցության բոլոր տեսակները ՀՊՏՀ-ում իրականացվում են բարձր մակարդակով, որի արդյունքում հրապարակվում են բազմաթիվ մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, դասախոսություններ, ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակներում:

-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

-ՀՊՏՀ-ում, ինչ խոսք, ոչ միայն ամբիոնների, ֆակուլտետների, այլ նաև համալսարանի բոլոր օղակների միջև սերտ համագործակցություն գոյություն ունի երիտասարդ և ավագ սերնդի գիտնականների միջև, ինչն ապահովում է բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերի, շրջանավարտների, ասպիրանտների պատրաստումը: Առանց նման գործակցության բացառվում են համալսարանի գիտական և ուսումնական հաջողությունները:

-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

-Դասախոս լինել, նշանակում է ընտրած բնագավառում միշտ լինել պրպտող, սովորող, որի արդյունքում տվյալ անձը հնարավորություն կունենա ցանկացած լսարանում բարձր գիտելիքներ հաղորդելու իր ունկնդիրներին: Միաժամանակ, դասախոսը պետք է սիրի իր աշխատանքը, օժտված լինի բարոյական բարձր նորմերով և դառնա իր պետության քաղաքացին:

-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Կցանկանայի ոչ միայն թվական, այլև գիտական-ստեղծագործական առումով բազմապատկվեն համալսարանի հաջողությունները, պահպանվեն ստեղծված և գոյություն ունեցող ավանդույթները, սերունդների փոխադարձ բարիդրացիական հարաբերությունները, և բուհը դառնա տարածաշրջանի, ինչպես նաև միջազգային մակարդակով մրցունակ հաստատություն:

Իմ սիրելի կոլեգաներին և ուսանողներին ցանկանում եմ առողջություն, առանց համաճարակների ժամանակաշրջան, ամենօրյա առկա հանդիպումներ և ստեղծագործական, գիտական մեծ հաջողություններ:

-Շնորհակալ ենք հարցազրույցի համար: Պարոն Ֆահրադյան, ՀՊՏՀ-ականների անունից մաղթում ենք, որ միշտ առողջ լինեք և Ձեզ հատուկ անսպառ կենսասիրությամբ շարունակեք սերունդներ կրթել: Բարին ընդ Ձեզ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին