ՀՊՏՀ-ն իմ կյանքի ընթացքի ուղիղ երեք քառորդն է. Գրիգոր Արքելաթյան

Դիտումների քանակ՝ 1813

asue.am-ի՝ ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցներում կարմիր թելի պես անցնում են բուհի ավագ սերնդի դասախոսների երիտասարդ տարիների աշխատանքային ջերմ ու բարի հիշողությունները: Արդեն մեկ տասնյակից ավելի դասախոսներ պատասխանել են մեր հարցերին: Հետաքրքրական է, որ հարցերը բոլոր զրուցակիցների դեպքում նույնն են, բայց, բնականաբար, պատասխաններն են յուրովի: Շարքի ամեն հարցազրույցը ՀՊՏՀ-ի փոքրիկ պատմությունն է՝ շաղախված կարոտով ու սիրով:

Այսօր մեր հյուրն է տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գրիգոր Արքելաթյանը:

-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-ՀՊՏՀ-ն իմ կյանքի ընթացքի ուղիղ երեք քառորդն է:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-1969թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ և դրանից հետո իմ կյանքը և աշխատանքը, առանց ընդմիջումների, 51 տարիների ընթացքում կապված է եղել տնտեսագիտական ֆակուլտետի և հետագայում նաև մեր բուհի հետ:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

-Բացի մասնագիտական և աշխատանքային պարտականությունները կատարելու ձգտումից, իմ սիրելի և հարգելի բոլոր, առանց բացառության, գործընկերների հետ շփվելու շքեղ հնարավորությունը, ինչպես նաև իմ շատ սիրելի ուսանողների հետ ամենօրյա շփումը, ինչը թույլ է տալիս միշտ ինձ երիտասարդ զգալ և հաճախ՝ մոռանալ տարիքս: Սա, իսկապես, բացառիկ հնարավորություն է, որն ինձ ընձեռում է աշխատանքս: Եվ դա ինձ անսահման երջանկացնում է: Ինչպես ասել է մի հայտնի բանաստեղծ՝ երջանկությունն այն է, երբ առավոտյան ուզում ես գնալ աշխատանքի, իսկ երեկոյան՝ տուն:

-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…

- 1969թ., երբ ավարտեցի դպրոցը, ինձ այնքան մեծ և գիտելիքներով զինված էի զգում, բայց երբ սեպտեմբերի մեկին ոտք դրեցի բուհ, առաջին զգացողությունս այն էր, որ ես շատ փոքր եմ: Իսկ ՀՊՏՀ-ում առաջին անգամ եղել եմ 1975 թվականին, մեր բուհի հիմնադրման առաջին օրվանից, ասպիրանտի կարգավիճակում:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

- Դժվար է պատասխանել այս հարցին: Նախ, իմ ուսման ընթացքում, կլինի դա թե' ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում, թե' ՀՊՏՀ-ում, յուրաքանչյուր աշխատակից, յուրաքանչյուր դասախոս, որոնց հետ ես պատիվ եմ ունեցել շփվելու, իր դերն է խաղացել իմ՝ որպես անձ և մասնագետ ձևավորվելու ու կայանալու գործում: Ուստի, առանձնացնելով մեկին կամ մի քանիսին, ես կարող եմ մոռանալ մյուսներին, ինչը չեմ ուզում: Այնպես որ, բուհի բոլոր աշխատակիցները և իմ բոլոր դասախոսները, կարող եմ ասել, որ եղել են իմ ուսուցիչները, և յուրաքանչյուրից ես վերցրել եմ ամենալավը:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

-Չգիտեմ: Այս հարցը ես երբեք ինքս ինձ երևի թե չեմ տվել:

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

-Դժվարանում եմ անկեղծ պատասխանել այս հարցին: Կարող եմ միայն ենթադրել, որ դա այն է, երբ բոլորս միասին ուրախանում ենք մեր բուհի հաջողություններով և տխրում, երբ առաջանում են խնդիրներ ու դժվարություններ ինչպես բուհի, այնպես էլ՝ յուրաքանչյուր ՀՊՏՀ-ականի համար:

-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

-Անկասկած: Տարիներ շարունակ մեր բուհը շարժվել է կայացման և վերընթացի ճանապարհով: Ափսոս, որ վերջին մի քանի տարում բուհի անվան շուրջ որոշակի ոչ ցանկալի տեղեկատվություն շրջանառվեց: Սակայն ես վստահ եմ, որ բուհի անձնակազմը իր մեջ ուժ կգտնի մոտ ապագայում վերականգնելու լավագույն ավանդույթները ու նորից շարժվելու վերընթաց ուղով:

-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-Մի մեծ ընտանիքի, ուր ամենալավը և լուսավորը երբեմն ուղեկցվում է նաև ոչ այնքան լավ երևույթների և չհասկացվածության հետ: Իսկ ո՞ր ընտանիքում դա չի լինում:

-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

-Թույլ տվեք չպատասխանել այս հարցին: Դա շատ անձնական է և ցավոտ ինձ համար:

-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների

դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ

աշխատանքը:

-Կարծում եմ, հիմնականում այո, իհարկե, որոշ վերապահումներով:

-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի

սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

-Անկասկած: Ես միայն մի օրինակ կբերեմ: Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետման առումով երիտասարդները ունեն բնական առավելություն, երբ իրենց ճկուն և անկաշկանդ միտքը թույլ է տալիս ավելի արագ յուրացնել նորամուծությունները: Եվ, կարծում եմ, երբեք ամոթ չէ դիմել երիտասարդներին՝ որոշ հարցերի պարզաբանման համար:

-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

-Մարդ, որը սիրում է իր աշխատանքը, նվիրված է իր մասնագիտությանը, հարգում է իր գործընկերներին և սիրում է իր բոլոր ուսանողներին, ու նաև համբերատար և ներողամիտ է անգամ ամենաչարերի և անկարգապահների (բայց ոչ չարամիտների) նկատմամբ:

-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Բոլորին ցանկանում եմ միայն ամենալավն ու բարին: Եվ թող հետևում թողնենք ժամանակավոր դժվարությունները և նորից միասին շարժվենք վերընթաց ուղով:

-Շնորհակալ ենք, պարոն Արքելաթյան: Անշուշտ, Դուք վայելում եք ՀՊՏՀ-ականների սերն ու ակնածանքը, և ուզում ենք, որ միշտ բուհի կողքին լինեք, մասնակցեք նրա հաջողությունների կերտմանը և հպարտանաք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին