ՀՊՏՀ-ն իր ուսանողների և շրջանավարտների առաջին գործատուն է (ճեպազրույցներ և լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 1979

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարում աշխատանքի է ընդունել ՀՊՏՀ 11 ուսանողների և շրջանավարտների՝ հավատարիմ մնալով ուսանողների առաջին գործատուն դառնալու գործելաոճին: ՀՊՏՀ մի խումբ առաջավոր ուսանողներ և շրջանավարտներ աշխատանքի են ընդունվել հարազատ բուհի տարբեր ստորաբաժանումներում՝ իրենց գիտելիքն ու հմտությունը իրացնելով ամենօրյա աշխատանքում: Նրանք աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ, կամավորական աշխատանքներում, գիտական, հետազոտական, միջազգային և այլ ծրագրերում ներգրավվածությամբ: Բուհի ղեկավարության աչքից լավագույնները չեն վրիպել և խրախուսելու ու ոգևորելու համար համալսարանը նրանց աշխատանք է առաջարկել:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրույցի է հրավիրել մեր նոր աշխատակիցներից մի քանիսին և պարզել՝ երիտասարդները ոգևորված են և բարձր են գնահատում ՀՊՏՀ ղեկավարության նախաձեռնությունն ու պատրաստակամությունը: Գրեթե բոլորը Կարմիր դիպլոմակիրներ են, կամավորական ու կազմակերպչական աշխատանքի փորձ ունեցողներ, գիտական, հետազոտական և միջազգային ծրագրերի մասնակիցներ:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ, իսկ այժմ նույն ֆակուլտետի մագիստրանտ Տաթևիկ Ռոստոմյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, մասնագիտական կարողությունները նկատել է մակրոէկոնոմիկայի ամբոնի դասախոս, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը և հրավիրել աշխատանքի: Այս մասին Տաթևիկը մեզ հաղորդեց հպարտությամբ և շնորհակալությամբ: Հրավերը ընդունել է և չի ափսոսում: «Բաժնում տիրում է ստեղծագործական մթնոլորտ, հնչում են առաջարկներ, իսկ անելիքներն էլ միայն տեխնիկական չեն»,- ասաց նա՝ հավելելով, որ բակալավրիատում ղեկավարել է իրենց ամբիոնի ՈՒԳԸ-ը աշխատանքները, հանդես եկել զեկուցմամբ: «Շատ եմ սիրում ժողը, այստեղի մթնոլորտը, նաև իմ բաժինը»,- ընդգծեց նա:

Արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնի առաջատար մասնագետ Սոնա Աղաբաբյանն այժմ գործարար վարչարարություն մասնագիտացման մագիստրանտ է, գերազանցությամբ ավարտել է կառավարում մասնագիտության բակալավրիատը: Նա «Էրազմուս+» կրթաթոշակակիր է, մեկ կիսամյակ ուսումնառել է Խորվաթիայի Յուրայ Դոբրիլայի համալսարանում, կամավորական աշխատանք իրականացրել «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակում, Կարմիր խաչում, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնում:

Նույն բաժնի առաջատար մասնագետ, մաթեմատիկական մեթոդները և մոդելները տնտեսագիտության մեջ մասնագիտության գերազանցիկ շրջանավարտ Դավիթ Մինասյանը ևս «Էրազմուս+»-ի կրթաթոշակի հաղթող է, մեկ կիսամյակ սովորել է Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանում (Լեհաստան): Հասարակական հիմունքներով աջակցել է համալսարանի միջազգային կապերի բաժնի աշխատանքներին, իսկ այժմ՝ արդեն որպես բաժնի հիմնական աշխատող, համագործակցություններ է հաստատում ռուսական և չինական բուհերի հետ: «Մեզ գնահատված ենք զգում: Հաճելի է, որ հենց քո բուհն է քեզ աշխատանք առաջարկում, մի միջավայր, որտեղ դու մասնագիտացել ես»,-ասաց Դավիթը:

Մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության բակալավրիատի, մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրատուրայի շրջանավարտ Արփինե Ռոստոմյանը մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ է: 2019 թ. փետրվարից նա աշխատել է ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանատում, սեպտեմբերից արդեն նոր աշխատանք ունի: Մեզ հետ զրույցում Արփինեն հակիրճ բնութագրեց իր աշխատանքային միջավայրը՝ «աշխույժ, սովորեցնող ու դրական»:

Օլյա Կարապետյանը ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ է, մարքեթինգ մասնագիտության շրջանավարտ: Նա նշեց՝ աշխատանքին հեշտ է հարմարվել, քանի որ ուսանողական տարիներից որոշակիորեն ծանոթ էր ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին: «Երբ քեզ հարազատ ու սիրելի միջավայրում ես աշխատում, աշխատանքդ ավելի սիրով ես անում»,-ասաց մեր նոր գործընկերը:

Աշխատանքի ընդունված ուսանողներից 4-ը արտաքին կապերի դեպարտամենտի ստորաբաժանումներում են: Դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, մեր խնդրանքով անդրադառնալով սույն քաղաքականությանը, նշեց. «Արտաքին կապերի դեպարտամենտն այն կառույցն է, որտեղ երիտասարդ կադրերի համալրումը խիստ կարևոր է. արագ փոփոխվող և զարգացող ժամանակակից միջավայրում անհրաժեշտ է ունենալ արդիական մոտեցումեր և թարմ գաղափարներ։ Դեպարտամենտն ունի բաժինների փորձառու ղեկավարներ և փորձի հետ նոր կադրերի համադրումը, վստահ եմ, կբերի լավ արդյունքների»,- ասաց Լուսինե Դանիելյանը:

Շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնում են երկու նոր աշխատակիցները: Բաժնի պետ Աղավնի Հակոբյանը նշեց. «Մեր համալսարանի շրջանավարտներով աշխատակիցների համալրման քաղաքականությունը շատ արդյունավետ է, քանի որ սա նաև ուսանողների բարձր առաջադիմությունը խրախուսելու, հարազատ բուհում իրականացվող տարբեր գործընթացների բարելավման և հետաքրքիր նախաձեռնությունների գեներացման լավ հնարավորություն է, ինչից շահում է թե' համալսարանը, թե' մեր շրջանավարտները: ՀՊՏՀ-ականները համալսարանի առջև իրենց պատասխանատվության գիտակցմամբ փորձում են իրենց ավանդը բերել բուհի զարգացմանը, ինչը շատ ողջունելի է: Երիտասարդները միշտ ավելի համարձակ են, ստեղծարար և կարծրատիպային մոտեցումներից զուրկ»:

Անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը համոզված է՝ սա ուսանողներին շահադրդելու լավագույն ձևն է, որպեսզի նրանք բուհի կյանքին մասնակցեն ոչ միայն որպես ուսանող, այլև՝ որպես աշխատող: ՄՌԿ բաժնի ղեկավարի խոսքով՝ ուսանողներին աշխատանքի ընդունելու բուհի ղեկավարության այս մոտեցումը ոգևորիչ է մյուսների համար, բաժինն ամեն օր ստանում է ուսանողների կենսագրականներ, զրուցում նրանց հետ, փորձում բացահայտել լավագույններին: «Ուզում եմ ընդգծել մի կարևոր հանգամանք՝ բոլոր ուսանողներին աշխատանքի ընդունելիս հաշվի են առնվում դեկանների, ամբիոնների վարիչների, գործընկերների կարծիքները»,- ասաց Գոհար Սարգսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին