ՈւԳԸ-ն նորովի է սկսում իր գործունեությունը՝ խոստանալով ՀՊՏՀ-ականներին ջերմ դիմավորել գիտության աշխարհում. համակարգողները հանդիպեցին ուսանողներին
ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) այս ուսումնական տարում նոր թափով ու որակով է մեկնարկում իր գործունեությունը. այս մասին այսօր ուսանողության հետ կայացած հանդիպմանը հավաստիացրին ՈՒԳԸ պատասխանատուները: ՈւԳԸ աշխատանքների համակարգող, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը ուսանողներին այսօր հրավիրել էր՝ համատեղ քննարկելու գիտական ընկերության գործունեության լավարկման ուղիները, արձանագրելու նրանց առաջարկությունները: Ներկա էին ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուները՝ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ Էդգար Աղաբեկյանը (ֆինանսական), Լիանա Հայրապետյանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման), Անուշ Շիրինյանը (ինֆորմատիկայի և վիճակագրության), Գայանե Ավագյանը (ՏԿ և ՄՏՀ), Նարինե Միրզոյանը (հաշվապահական հաշվառման և աուդիտի), Լուսինե Կարապետյանը (կառավարման ):
Լիլիթ Դադայանը ողջունեց ուսանողներին և տեղեկացրեց, որ այս տարի ՈւԳԸ աշխատանքներում նոր մոտեցումներ կլինեն: Մասնավորապես, յուրաքանչյուր ֆակուլտետից, և´ բակալավրիատից, և´ մագիստրատուրայից կընտրվեն 3-ական աշխատանքներ, որոնք կմասնակցեն համահամալսարանական փուլին, ինպես նաև դրամական պարգևներ կստանան 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողները, իսկ մնացած նորույթները՝ անակնկալների տեսքով: Նոր ՈւԳԸ-ն խոստանում է ՀՊՏՀ-ականներին ջերմ դիմավորել գիտության աշխարհում, բացահայտել ու զարգացնել նրանց գիտական ներուժն ու ասպարեզ բերել առաջավորներին: Ինչպես նշվեց՝ հետազոտական հմտություններով աչքի ընկած ուսանողները հնարավորություն կստանան վճարովի հիմունքներով համագործակցել համալսարանի «Ամբերդ» կենտրոնի հետ:
Արդիական ու նոր թեմաներ, գիտահետազոտական բաղադրիչ, թարմ ու նորարարական գաղափարներ. սրանք ՈւԳԸ-ականներից պահանջվող զեկուցումների հիմնական ու խրախուսելի պահանջներն են:
Լիլիթ Դադայանն ու ֆակուլտետային պատասխանատուները ներկայացրին գիտական աշխատանքների տեխնիկական և բովանդակային պահանջները, այնուհետև լսեցին ուսանողների առաջարկությունները:
Հիշեցնենք, որ ՈւԳԸ-ն համալրելու նպատակով հավաքագրվել են գիտությամբ ու հետազոտական աշխատանքով հետաքրքրված ուսանողների ինքնակենսագրականները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին