ՀՊՏՀ դոցենտը դասախոսել է Յուրայ Դոբրիլայի համալսարանում և խորվաթական բուհի գիտական ամսագրին հոդված ներկայացրել

Դիտումների քանակ՝ 2720

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 7-11-ը Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանում (Խորվաթիա) է եղել ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանը: Մագիստրոսական ու բակալավրական միջազգային խմբերում նա դասախոսել է «Դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի առանձնահատկությունը» թեմայով: Մեզ հետ զրույցում Արսեն Պետրոսյանն ասաց, որ նշված դասընթացում օտարերկրացի ուսանողների ուշադրությանն է ներկայացրել փողի ագրեգատների և գնաճի նպատակադրման ռազմավարությունները, փոխանցումային տոկոսադրույքի և ֆինանսական աքսելերատորի ուղիների վերաբերյալ հարցերը: Ուսանողները հետաքրքրվել են ՀՀ բանկային համակարգի, ՀՀ ԿԲ վերահսկողական գործառույթի մասին, կատարվել է Հայաստանի և Խորվաթիայի կենտրոնական բանկերի քաղաքականությունների համեմատական վերլուծություն:

Այցի արդյունքում նոր համագործակցություն է հաստատվել. Արսեն Պետրոսյանը առանձին հանդիպում է ունեցել Յուրայ Դոբրիլայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Դին Սինկովիչի հետ և քննարկել երկու բուհերի գիտական ամսագրերում հոդվածներ տպագրելու հարցը: Այսպիսով, մեր դասախոսն արդեն խորվաթական բուհի գիտական ամսագրում տպագրության է ներկայացրել իր հոդվածը, որն արծարծում է ՀՀ տնտեսության կառուցվածքային արդիականացման հարցերը, մասնավորապես գիտատար ճյուղերի զարգացման հեռանկարները: Ակնկալվում է նաև գործընկեր բուհի գիտնականների հոդվածները տպագրել «Բանբեր ՀՊՏՀ» ամսագրում:

Նշենք, որ ՀՊՏՀ-ում «Էրազմուս+» ծրագիրը համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: Մանրամասները՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի Միջազգային ծրագրեր խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին