Եզրափակվեց ամփոփիչ ատեստավորման գործընթացը
Այսօր մեր համալսարանում ավարտվեց ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որը մեկնարկել էր ապրիլի 25-ին: Մինչև մայիսի 29-ը ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր պաշտպանեցին բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտները, իսկ մայիսի 30-ից հունիսի 20-ը բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտները:
Այս առիթով լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը հայտնեց. «Կարող ենք արձանագրել, որ համալսարանում ամփոփիչ ատեստավորման գործընթացը բնականոն և առանց խախտումների է ընթացել, պահպանվել են նաև ժամկետները: Եղել է 5 բողոքարկում, որոնք արձանագրվել են, քննարկվել հանձնաժողովներում և պատասխան ստացել: Այսօր վերջին օրն էր, և այսօրվանից սկսած երկշաբաթյա ժամկետում հանձնաժողովների նախագահները պետք է ներկայացնեն գործընթացի վերաբերյալ հաշվետվություններ, որոնք կքննարկվեն ՀՊՏՀ գիտական խորհրդում և առավել առարկայական կներկայացնեն արդյունքները»:
Անցած օրերի լրահոսից շատերը տեղյակ են, որ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը պրոռեկտորների հետ միասին ամբողջ ընթացքում շրջայցեր էր կատարում և անմիջականորեն վերահսկում կարևոր այս գործընթացը, իսկ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հետևում էր, լուսաբանում, ռեպորտաժներ պատրաստում (հարցազրույցներ գործընթացի պատասխանատուների, կազմակերպիչների և մասնակիցների հետ), լուսանկարչական խցիկը ամրագրում էր դրվագներ, թե ինչպես են աշխատանքային, երբեմն հանդիսավոր, բայց փոքր-ինչ լարված, հաճախ էլ հուզառատ մթնոլորտում ՀՊՏՀ շրջանավարտներն ավարտաճառեր ներկայացնում, պաշտպանում իրենց տեսակետները, գաղափարները, հանդես գալիս առաջարկություններով:
Ինչպես տեղեկացրեց պրոռեկտոր Հարությունյանը թվերն ու ցուցանիշները մի փոքր ուշ կլինեն, սակայն արդեն կարելի է շնորհավորել մեր շրջանավարտներին ու բարի երթ մաղթել նրանց:
Նշենք, որ դիպլոմների տրման հստակ օրվա, ժամի և ձևաչափի մասին տեղեկատվություն կհրապարակենք առաջիկայում, իսկ դրա նախընթաց գործընթացին, սիրելի ուսանողներ, ծանոթացեք մեր ավելի վաղ արված հրապարակման մեջ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին