Հանդիսավոր մրցանակաբաշխությամբ ՀՊՏՀ-ում ամփոփվեցին «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը` նվիրված ՀՊՏՀ 45-ամյակին (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2382

ՀՊՏՀ, ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀԱՊՀ, ԵՊԲՀ, ԵՊԼՀ...մեկ տասնյակից ավելի հայաստանյան բուհերի դասախոսական թիմեր հունվարի 29-ից փետրվարի 14-ը մրցեցին 6 մարզաձևերի առաջնություններում: Պատմություն դարձավ ՀՊՏՀ-ի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կազմակերպած ևս մեկ «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղ, որն այս տարի նվիրված էր ՀՊՏՀ 45-ամյակին:

Մեր մարզադահլիճում այսօր հանդիսավորությամբ մրցանակներ ստացան խաղերում թիմային և անհատական պայքարում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, բուհերի ներկայացուցիչներ ու հյուրեր:

Ներկաներին ողջունեց Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ 3 շաբաթ շարունակ հայաստանյան բուհերի մարզասեր դասախոսներն ու աշխատակիցները առողջ մրցապայքար մղեցին՝ միաժամանակ բարձրացնելով իրենց ֆիզիկական պատրաստվածությունը: Նա հավելեց՝ այս տարի «Դասախոսական գավաթը» նվիրված էր ՀՊՏՀ հիմնադրման 45-ամյակին:

Մրցանակները հանձնեցին 2 բուհերի ղեկավարները՝ Դիանա Գալոյանն ու Դավիթ Խիթարյանը:

Ըստ առաջնությունների՝ ներկայացնենք 1-3-րդ տեղերի մրցանակակիրներին.

հրաձգություն (թիմային)՝ ԵՊՀ, ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ), ՀՊՄՀ (Մանկավարժական)

սեղանի թենիս՝ ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ), ԵՊԼՀ, ԵՊՀ,

շախմատ՝ ԵՊՀ, ՀԱԱՀ (Ագրարային), ՖԿՍՊԻ (Ֆիզկուլտ.)

վոլեյբոլ՝ ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ), ԵՊՀ, ՀՊՏՀ

պարանի ձգում՝ ՖԿՍՊԻ (Ֆիզկուլտ.), ՀԱՊՀ (Պոլիտեխնիկ), ՀՊՏՀ

Ուժային եռամարտի առաջնությունն անցկացվեց 4 քաշային կարգով, մրցանակակիրները 12-ն են: Այստեղ անհատական մրցապայքարում ՀՊՏՀ-ն ունեցավ 2 նվաճում՝ 110 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց Հովհաննես Գաբրիելյանը, 110+ քաշային կարգում՝ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանը:

ՀՊՏՀ-ն ևս մեկ հաջողություն արձանագրեց անհատական պայքարում. հրաձգության աղջիկների առաջնությունում մեր բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի լրագրող Նանե Ավանեսյանը զբաղեցրեց 3-րդ տեղը:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրով, մեդալով ու նվերներով, առաջին մրցանակակիրները՝ նաև գավաթով:

Շնորհավորում ենք «Դասախոսական գավաթի» կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին:

Լուսանկարային շարքը՝ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին