ՀՊՏՀ ֆուտզալի թիմը կիսաեզրափակչում փայլուն է հանդես եկել
ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը փետրվարի 15-ին կայացած «Ֆուտզալ Ա լիգա» մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում 6:3 հաշվով վստահ հաղթանակ է տարել ՀԷՑ-ի թիմի նկատմամբ: Այս մասին asue.am-ին տեղեկացնում է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը: Այսպիսով, մեր թիմը հնարավորություն է ստանում մրցակցելու նաև եզրափակչում: Երեկ պարզ է դարձել, որ ՀՊՏՀ հավաքականի մրցակիցը «Էկովիլ» ընկերության թիմն է: Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ «Ֆուտզալ Ա լիգա» մրցաշարը կամփոփվի այս շաբաթ, եզրափակիչ հանդիպումը նախատեսվում է փետրվարի 19-ին:
«ՀՊՏՀ հավաքականը, մասնակցելով այս առաջնությանը, ինչպես նաև ուսանողական առաջնություններին և առաջիկայում կայանալիք «Ուսանողական լիգային»՝ նախապատրաստվում է Ֆուտզալի 2020-2021 սուպերլիգային կամ Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն առաջնությանը»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը` ընդգծելով, որ սուպերլիգային մեր թիմի մասնակցությունը հնարավոր կդառնա VBet ընկերության հետ համագործակցության շնորհիվ. այն ՀՊՏՀ ֆուտզալի թիմի տիտղոսային հովանավորն է:
Հիշեցնենք, որ նախորդ տարին մեր հավաքականն ամփոփեց մեծ հաղթանակով՝ դառնալով ՀՀ ԿԳՄՍՆ կազմակերպած հանրապետական միջբուհական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի առաջնության չեմպիոն: Այս մասին մեր հրապարակումը կարդացեք այստեղ:
Շնորհավորում ենք մեր նպատակասլաց ֆուտզալիստներին և «Ֆուտզալ Ա լիգա» մրցաշարի եզրափակչում մաղթում գոլառատ խաղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին