ՀՊՏՀ դասախոսները վերապատրաստվել են Ամստերդամում

Դիտումների քանակ՝ 1873

«Էրազմուս+»-ի Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում (ՐԻՖԱՅՆ) ծրագրի շրջանակում ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դոցենտ Արմինե Սչանյանը, ասիստենտներ Սրբուհի Իսրայելյանը, Մարե Խաչատրյանը և վիճակագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Արմեն Քթոյանը ապրիլի 1-12-ը վերապատրաստվել են Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանում:
Նշենք, որ 2019-2020 ուսումնական տարում նախատեսվում է ՀՊՏՀ-ում ներդնել «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագիրը, որի մշակման համար էլ մեր դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում:
Մեզ հետ զրույցում Արմինե Սչանյանն ասաց, որ երկու շաբաթ տևած հանդիպումների ընթացքում Հայաստանի և Մոլդովայի դասախոսները լսել են Ամստերդամի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Ավստրիայի համալսարանների փորձագետներին, որոնց զեկուցումներում արծարծվել են կորպորատիվ ֆինանսներին, ֆինանսական ռիսկերի վերլուծությանը, կորպորատիվ կառավարմանն, վարքագծային ֆինանսներին, թվային տնտեսությանը, ԵՄ ֆինանսական շուկաներին և ինստիտուտներին, կրթության որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև մանկավարժական նորագույն մեթոդների կիրառմանն առնչվող հարցեր: Քննարկվող հարցերի շուրջ ունկնդիրները հայտնել են իրենց կարծիքները, կատարել թիմային աշխատանքներ:
Արմեն Քթոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ վերապատրաստումն արդյունավետ քննարկում էր թե' ուսումնական նյութի բովանդակության, թե' դասավանդման հետ կապված հարցերի շուրջ: Ամբիոնի վարիչի խոսքով՝ այցը նաև օգտակար էր օտարերկրյա համալսարանների համապատասխան փորձի ուսումնասիրության, փորձագետներից խորհրդատվություն ստանալու առումով:
Հիշեցնենք՝ ՐԻՖԱՅՆ-ը եռամյա նախագիծ է, որի գործողությունները նախատեսված են 2017 թ. հոկտեմբերից մինչև 2020 թ. հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր»  բաժնում և նախագծի պաշտոնական կայքում:
Նախագիծը համակարգում է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին