ՀՊՏՀ ուսանողները և դասախոսները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դասախոսություններ են ունկնդրել

Դիտումների քանակ՝ 1586

Ապրիլի 15-ին ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի նախաձեռնությամբ տնտեսության կազմակերպման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների մագիստրանտներն ու բակալավրիատի ուսանողները դասախոսություններ են ունկնդրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Նրանց ուղեկցել են ՄՏՀ ամբիոնի դոցենտներ Վերգինե Կիրակոսյանը, Լուսինե Աղաջանյանը, Անուշ Անանյանը, ասիսիտենտներ Ալբերտ Հայրապետյանը (կազմակերպիչ), Կարմեն Գրիգորյանը, մարքեթինգի ամբիոնի ժ/պ Վադիմ Գրիգորյանը և նույն ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը: 
Այցի մասին մեզ մանրամասներ ներկայացրեց Ալբերտ Հայրապետյանը՝ նշելով որ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ողջունելով Տնտեսագիտական համալսարանի ուսանողների և դասախոսների այցը, խոսել է տնտեսագիտության կարևորության մասին՝ նշելով, որ ինքը նույնպես է տնտեսագետ է, և դա մի բնագավառ է, որը անսահման ստեղծագործելու հնարավորություն է տալիս, ապա ներկայացրել է իր հետազոտությունների հիմնական թեման՝ անդրադառնալով ՀՆԱ-ի վրա ազդող գործոններին:
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը ուսանողներին ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նախապատմությունը, նպատակները, դրանց իրագործման անհրաժեշտ քայլերը՝ շեշտելով անհրաժեշտ 3 նախադրյալները՝ աճ, ներառականությւոն, բնապահպանություն:
UNDP ծրագրի ներկայացուցիչ Հովիկ Սայադյանը բանախոսել է «ՀՀ ազգային տնտեսության հեռանկարները», ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի-ի ներկայացուցիչ Արմենուհի Հովակիմյանը «Երեխաները՝ ՀՀ պետական բյուջեում» թեմաներով:
Բանախոսել են նաև Վահան Ամիրխանյանը (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն), Ալեսանդրո Մորետտին (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր), Անահիտ Հայրապետյանը (UNHCR Հայաստան):
Ալբերտ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ օրերս «Միջազգային կազմակերպություններ» առարկայի դասաժամին ուսանողներն անդրադարձել են նշված այցին և նշել, որ այն հագեցած էր ոչ միայն ՄԱԿ-ի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ հարուստ տեղեկատվությամբ, այլև ՀՀ տնտեսության և բնության առջև ծառացած մի շարք մարտահրավերների մասին օգտակար դասախոսություններով:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը արդեն մի քանի տարի է՝ արդյունավետ կերպով համագործակցում է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին