ՀՊՏՀ դասախոսները վերապատրաստվել են Հունգարիայում

Դիտումների քանակ՝ 1625

Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լուսինե Կարապետյանը և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սուսաննա Աղաջանյանը մայիսի 6-10-ը եղել են Հունգարիայում և մասնակցել Միշկոլցի համալսարանում տեղի ունեցած Կենտրոնական Եվրոպայի և Հարավային Կովկասի կրթական ֆորումին: Միջոցառումը կազմակերպվել է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում, կրել է «Համագործակցություն, զարգացում, փոխանակում բարձրագույն կրթության ոլորտում. ակադեմիական փորձառություններ և ձեռքբերումներ զարգացող Եվրոպայից» խորագիրը: Մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Սլովակիայի, Լեհաստանի 6 համալսարանների գիտնականներ:

Լուսինե Կարապետյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ ֆորումում քննարկվել են բուհական ոլորտում միջպետական համագործակցության խթանման և փոխանակման ծրագրերը, ինչպես նաև համալսարանների պատվիրակները ներկայացրել են միջազգայնացման գործընթացում իրենց կարևոր ձեռքբերումները: Հաջորդիվ, մասնակիցները Ted talk մեթոդով դասախոսություններ են կարդացել Միշկոլցի համալսարանի միջազգային ուսանողական խմբերում: Լուսինե Կարապետյանը և Սուսաննա Աղաջանյանը, հանդես են եկել համապատասխանաբար «Սոցիալական պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում» և «ՀՀ մրցունակության ապահովման հիմնախնդիրները» թեմաներով և ունկնդիր ասպիրանտներից ստացել են դրանցից բխող հարցերի շուրջ համատեղ հետազոտություններ կատարելու առաջարկներ:

Հավելենք, որ նշված հունգարական համալսարանում այս կիսամյակում սովորում են ՀՊՏՀ 2 ուսանող՝ ֆինանսական ֆակուլտետից Մերի Նիկոլյանը (մագիստրանտ) և Աննա Աբազյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին