Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՊՏՀ-ում
Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) տարածաշրջանային զարգացման մենեջերներ Վիկտորյա Վոլոտովսկայան և Ժանետտա Օնիշչուկը այսօր հյուրընկալվեցին ՀՊՏՀ-ում:
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, կազմակերպությունը որոշ ժամանակ առաջ համագործակցության առաջարկով կապ է հաստատել մեր համալսարանի հետ և այսօր կայացել է հանդիպում, որի նպատակը հետագա համագործակցության հեռանկարների քննարկումն էր: Հյուրերը նախ հանդիպել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել մասնագիտական կրթական ծրագրերում արմատական փոփոխություններ կատարելուց հետո համագործակցությունը ընդլայնել և դիմել ACCA-ի գլխավոր գրասենյակին՝ հավատարմագրում ստանալու:
Ապա ՀՊՏՀ նիստերի սրահում ACCA-ի ներկայացուցիչները հանդիպեցին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողների հետ, ներկայացրեցին կազմակերպության գործունեությունը, պարզաբանեցին ACCA –ի կարևորության և համընդհանուր ճանաչվածության մասին տեղեկատվությունը, նշված որակավորման առավելությունները և ընձեռված հնարավորությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին