ՀՊՏՀ դասախոսները ՐԻՖԱՅՆ նախագծի շրջանակներում երկշաբաթյա վերապատրաստում են անցել Ավստրիայում, Նիդեռլանդներում, Սլովակիայում և Ֆրանսիայում

Դիտումների քանակ՝ 1693

«Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի շրջանակներում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին եվրոպական մի շարք համալսարաններում կազմակերպվել են վերապատրաստումներ, որոնց ՀՊՏՀ-ից մասնակցել են մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը (Ավստրիա, Վիեննա), վիճակագրության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արմեն Քթոյանը (Սլովակիա, Կոշիցե), ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., Արմինե Սչանյանը (Ֆրանսիա, Նիցցա), նույն ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., Վանինե Երանոսյանը (Նիդեռլանդներ, Ամստերդամ):

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից, «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագրի բարեփոխմանն ուղղված վերապատրաստումների ընթացքում դասախոսները վերամշակել են իրենց առարկաների ուսումնական պլանները և գրականության ցանկը՝ համագործակցելով եվրոպական համալսարանների համապատասխան ոլորտի լավագույն մասնագետների հետ: Համատեղ ջանքերի արդյունքում կազմվել են արդիականացված և միջազգային նորագույն զարգացումներին համահունչ ուսումնական պլաններ, որոնք կնպաստեն ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայի պահանջների լիովին բավարարմանը:

Վերապատրաստումների շրջանակներում քննարկվել են մասնագիտական մի շարք հարցեր, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆ-ը ՀՊՏՀ-ում համակարգում է միջազգային կապերի բաժինը: Այն եռամյա նախագիծ է, որի գործողությունները նախատեսված են 2017թ. հոկտեմբերից մինչև 2020թ. հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է մեր համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) «Միջազգային ծրագրեր» բաժնում, որին կարող եք ծանոթանալ այստեղ,  և նախագծի պաշտոնական կայքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին