ՀՊՏՀ-ականներին միավորում է անմնացորդ սերը բուհի նկատմամբ. ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյան

Դիտումների քանակ՝ 2958

Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, այս տարին մեզ համար հոբելյանական է. տոնում ենք մեր հարազատ կրթօջախի հիմնադրման 45-ամյակը: Այս առիթով asue.am-ը մեկնարկում է հարցազրույցների շարք` բուհի ավագ և երիտասարդ սերնդի դասախոսների մասնակցությամբ: Զրույցի առանցքում բոլորիս սիրելի ՀՊՏՀ-ն է, հին ու նոր ՀՊՏՀ-ն` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտից մինչև Տնտեսագիտական համալսարան, որը, հավատարիմ իր բարձր անվանը, միշտ գիտակրթական բարեփոխումների ճանապարհին է: Հարցազրույցները բլից են, արտացոլում են զրուցակցի սերը, մտորումները ՀՊՏՀ-ի նկատմամբ:

Մեր առաջին հյուրը բուհի ակունքներում կանգնած, վաստակաշատ դասախոս, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանն է: Երկար ու ձիգ տարիներ նա ՀՊՏՀ-ի կողքին է, բուհի զարգացման պատմության կերտողներից ու ականատեսներից է: Մենք առանձնացրել ենք 14 հարց և խնդրել ենք պատասխանել դրանցից առավել հոգեհարազատներին, սակայն Արամ Սարգսյանը պատասխանել է բոլորին` նշելով, որ բուհի հետ կապված ամեն ինչն է հարազատ իր հոգուն:

-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-Իմ սիրելի Ժողը:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-45 տարի: Բուհի հիմնադրման օրվանից`1975թ-ից: Սկզբում` ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև մեզ հայտնի «Սև» շենքում, (այդ ժամանակ բուհի մասնաշենքերը սփռված էին քաղաքի տարբեր մասերում): Մինչ օրս ՀՊՏՀ-ում եմ:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

-ՀՊՏՀ կոլեկտիվը, ուսանողությունը:

-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…

- Բուհը հիմնադրվեց, և ես առաջին դասախոսներից եղա, 1975թ.:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

-Փիլիսոփայության ամբիոնի առաջին վարիչ Մուսայել Տիգրանի Քոչարյանը: Նա սովորեցնում էր մարդկանց օգտակար լինել, աշխատանքը ճիշտ կազմակերպել:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

-Երաժիշտ կլինեի…երիտասարդ տարիներիս կլառնետ էի նվագում:

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

-ՀՊՏՀ-ականներին միավորում է անմնացորդ սերը բուհի նկատմամբ:

-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

-Այո, հաճախակի:

- Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-Մինչ օրս ՀՊՏՀ-ն զուգակցվում է բարձր կազմակերպվածությամբ աչքի ընկնող բարձրագույն ուսումնական հաստատության հետ:

-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

Ուսանողական լսարանը, փիլիսոփայության ամբիոնի իմ կաբինետը, իսկ վերջին երկու տարում այն կաբինետը, որը համալսարանի ղեկավարությունը տրամադրել է ինձ՝ աշխատելու համար:

-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:

-Այո, ըստ իս, կարողանում է:

-Հաստատ է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

-Այո, իհարկե: Տեխնիկական հմտությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները ուսուցման մեջ կիրառելու եղանակները:

-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

-Կոչումով դասախոսը իր կյանքի իմաստը այդ գործում տեսնող մարդն է:

- Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Բուհին մաղթում եմ հավերժություն, աշխատակիցներին` նվիրվածություն, իրենց վստահված աշխատանքը սիրով կատարելու ձգտում:

-Շնորհակալ ենք զրույցի համար: Պարոն Սարգսյան, Դուք ՀՊՏՀ նվիրյալ դասախոսներից եք, վայելում եք ուսանողության սերը, կոլեկտիվի հարգանքը: Ասում են`լավն է այն դասախոսը, որին ուսանողը սիրում է… Մեզ համար ՀՊՏՀ-ն ասոցացվում է պատվարժան դասախոսների հետ, և, անշուշտ, այդ դասախոսներից մեկը Դուք եք: Ձեզ մաղթում ենք քաջառողջություն, և թող ուսանողական լսարան մտնելիս Ձեր աչքերի փայլը երբեք չմարի:

Շարունակելի…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին