ՀՊՏՀ հետազոտողները մասնակցել են առցանց գիտաժողովի և ձևավորել համագործակցային նոր կապեր

Դիտումների քանակ՝ 1841

Ս.թ. մայիսի 15-ին մեր համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի աշխատակիցները և լաբորատորիայի կազմում արտաքին դրամաշնորհային հետազոտական ծրագրեր իրականացնող հետազոտողները  մասնակցել են ՌԴ Սանկտ Պետերբուրգի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանի (ITMO) կազմակերպած «Տնտեսության կառավարման ռազմավարությունները և գործիքակազմերը. ճյուղային և տարածաշրջանային ասպեկտ» թեմայով 9-րդ միջազգային առցանց գիտաժողովին։ Լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը ներառված է եղել այդ գիտաժողովի կազկոմիտեի կազմում ու լիագումար նիստում հանդես է եկել ԵԱՏՄ երկրների նորարարական կապերին վերաբերող զեկուցմամբ։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ գիտաժողովին մասնակցել են նաև լաբորատորիայի հետազոտողներ Հարություն Թերզյանը, Էմիլ Գրիգորյանը, ՀՀ Գիտության կոմիտեի՝ իր ղեկավարությամբ իրականացվող   դրամաշնորհային ծրագրերի մեջ ներառված ՀՊՏՀ աշխատակիցները և ասպիրանտները (տ.գ.թ, դոցենտ Արսեն Պետրոսյան (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանի տեղակալ), Էդգար Թաղարյան (մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասիստենտ), Անի Հունանյան (մակրոէկոնոմիկայի ամբիոնի ասպիրանտ))։ Ատոմ Մարգարյանի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի հիշյալ համալսարանի հետազոտական խմբի հետ (ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Իրինա Սերգեևա) իր ղեկավարած լաբորատորիայի հետազոտական թիմը մշակել և ՀՀ ԿԳՄՍ Գիտության  կոմիտե է ներկայացրել հայ-ռուսական դրամաշնորհային մրցույթի հայտ։

«Քանի որ Սանկտ Պետերբուրգի համալսարանի մեր գործընկերները նորարարությունների տնտեսագիտության և տեխնոլոգիական մենեջմենթի բնագավառում շատ լավ մագիստրոսական ծրագրեր են իրականացնում ու մեծ փորձ ունեն, նրանց հետ այս ընթացքում նաև պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցել ոչ միայն հետազոտությունների, այլև նորարարությունների տնտեսագիտության բնագավառի մագիստրոսական կրթական ծրագրով մասնագետների պատրաստման ոլորտում»,- ներկայացրեց Ատոմ Մարգարյանը:

Հավելենք, որ գալիք ուսումնական տարվանից մեր համալսարանում ներդրվող նոր մագիստրոսական ծրագրերի ցանկում է նաև «Նորարարությունների տնտեսագիտություն» կրթական ծրագիրը (մասնագիտության հակիրճ բնութագրի մասին՝ այստեղ), որի ղեկավարը տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանն է։  Վերջինիս փոխանցմամբ, Սանկտ  Պետերբուրգի գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մագիստրոսական նոր ծրագրերի շրջանակներում դասավանդող մասնագետների և ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին