«Սպասում եմ հարազատ զանգի ձայնին, որը կազդարարի այս ամենի ավարտն ու սիրելի համալսարանի դռների վերաբացումը». Մարատ Գասպարյան

Դիտումների քանակ՝ 1641

Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի: Չէ, բացառություններ կան իհարկե, թերևս, տիեզերքն է անվերջ… Այս ուսումնաշրջանն էլ է ավարտվում: Կիսամյակի կեսը նոր իրողության սկիզբ դարձավ, առցանց կրթության օգտատեր դարձանք, սեփական փորձով ամբողջացրինք հեռավար կրթության մասին մեր պատկերացումները: Այդ նոր իրողությանն էր նվիրված asue.am-ի «Ուսանողի օրագիր» նախագիծը, որի ներքո ասպարեզ բերեցինք ՀՊՏՀ բոլոր 6 ֆակուլտետների առաջավոր ու ստեղծագործող ուսանողներին (յուրաքանչյուր ֆակուլտետից 1 ուսանողի), ծանոթացանք նրանց առցանց առօրյային, հեռավար ուսուցման վերաբերյալ կարծիքներին ու մտորումներին: Շատերի համար «Ուսանողի օրագիրը» հրաժեշտի ու գնահատանքի խոսք եղավ. նրանք ավարտեցին համալսարանը:

Ահա և մեր վերջին օրագրային էջը, այն հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող Մարատ Գասպարյանինն է: Մեր բոլոր հերոսների նման, նա նույնպես անկեղծանում է: Դե, անկեղծ բաները միշտ էլ օրագրերին են վստահվում: Եկեք կարդանք: «Մի օր, կյանքով լեցուն լսարանին փոխարինելու է գալիս սառը հայացքով համակարգիչը, և հանկարծ շատ պատահական հասկանում ես, որ կարոտում ես այն ամենը, ինչին ամիսներ առաջ նույնիսկ նշանակություն չէիր տալիս: Այո, խոսքը առցանց կրթության ու դասերի մասին է, որոնք մեր կյանք մտան այնպես արագ ու անսպասելի, ինչպես կրակե կայծակն է բաց երկնքում: Եվ դու, ինչպես յուրաքանչյուր ուսանող (ավելին ասեմ, ինչպես յուրաքանչյուր ՀՊՏՀ ուսանող) փոփոխություններն ընդունում ես դժկամորեն: Իսկապես, սկզբում շատ դժվար է հարմարվել մի բանի, որը նախկինում երբեք չես օգտագործել կրթության ոլորտում, հակառակը՝ օգտագործելու համար նույնիսկ նկատողություն ես ստացել դասախոսներից: Բայց քանի որ դու ՀՊՏՀ ուսանող ես, դու հեշտ հանձնվողներից չես և ժամանակի ընթացքում փորձում ես գտնել առավելություններ առցանց դասապրոցեսում»,-հուշագրում է Մարատը:

«Ուսանողի օրագրում» ներկայանալու առաջարկությունը մեր ուսանողներին ոգեշնչեց ստեղծագործելու, անկեղծությամբ ու զգացմունքներով միահյուսված նոթեր կատարելու: Շարունակենք կարդալ Մարատ Գասպարյանի օրագիրը: «Եթե նախկինում դու չէիր հասցնում նախաճաշել դասերից առաջ, ապա հիմա առաջին դասը և նախաճաշը համատեղելի են, իսկ եթե անընդհատ ուշանում էիր անվերջ խցանումների պատճառով, ապա հիմա ննջասենյակից լսարան ձեզ բաժանում է միայն միջանցքը: Բայց մի բան մնացել է անփոփոխ. և′ առաջ, և′ հիմա դասի ընթացքում դեկանները մտնում են լսարան և հարցնում` արդյոք ամեն ինչ նորմալ է դասապրոցեսում, և դու ակամա նստածդ տեղից կանգնում ես համակարգչի առաջ` ի նշան հարգանքի: Իսկ եթե ավելի լուրջ` կարոտել եմ ամեն ինչ և բոլորին: Կարոտել եմ ընկերներիս հետ կենդանի շփումը, համալսարանից կանգառ այդքան երկար թվացող, բայց կարճ ճանապարհը, դասամիջոցների աղմկոտ իրարանցումը, մեր սիրելի ցայտաղբյուրի ջրի համը, գրատախտակի կավիճի տհաճ թվացող ձայնը, գրադարանի անվերջ թվացող անդորրը…Անգամ դասից փախչել, պաղպաղակ ուտելն եմ կարոտել, և դասախոսների առաջ արդարացումները, որոնք, ինչքան էլ անհավատալի լինեին, բայց բարի ժպիտով միշտ ընդունվում էին:Եվ այնուամենայնիվ, կարոտը սրտում պահած` սպասում եմ հարազատ զանգի ձայնին, որ կազդարարի այս ամենի ավարտն ու սիրելի համալսարանի դռների վերաբացման սկիզբը: Եվ վերջում մի բան կասեմ. քանի դեռ կա հույս, ուրեմն, ամեն ինչ դեռ առջևում է և լավ է լինելու, իսկ դու տխրելու ու ընկճվելու իրավունք չունես, որովհետև դու ՀՊՏՀ ուսանող ես, ինչպես և ես` հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Մարատ Գասպարյանս»:

Սիրելի′ ռոմանտիկ, ժպտա ու փակիր օրագիրդ, պահիր այն տան ամենատաքուկ ու թաքուն անկյունում, որովհետև հուշերը թանկ են, հատկապես այն հուշերը, որոնք գրվել են ջերմ զգացմունքներով ու ոգեշնչումով…իսկ թանկ բաները պահվում են խնամքով: Անշուշտ, արտակարգ դրության պայմաններում էլ մեր զգացմունքներն արտակարգ են: Հավանաբար, նոր իրականություն ապրելիս կբացենք օրագրային նոր էջեր: Շարունակելի….օ, ներեցեք.վերջ…«Ուսանողի օրագիր» խորագրի «արտակարգ» հերոսներն էին Մելինե Աբրահամյանը, Տաճատ Պապոյանը, Ռուզաննա Կիրակոսյանը, Արամայիս Սիմոնյանը , Տաթևիկ Առուստամյանը և Մարատ Գասպարյանը: Նրանց նյութերին կարող եք ծանոթանալ ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին