ՀՊՏՀ ներկայացուցիչները Մինսկում մասնակցել են eDrone-ի աշխատաժողովին

Դիտումների քանակ՝ 1880

Սեպտեմբերի 18-21-ը Բելառուսի պետական համալսարանում (Մինսկ) կայացել է ԵՄ «Էրազմուս+»-ի (կարողությունների զարգացմանը միտված գործընկերային ծրագրեր (ՀԳ2)) eDrone ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՊՏՀ ներկայացուցիչները` մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, նույն ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը և տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ Արգամ Արտաշյանը:

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հաղորդեց Լիլիթ Դադայանը, ծրագրի գործընկեր բուհերի ներկայացուցիչները զեկուցումներ են լսել Բելառուսում անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացել դրոնների կիրառման միջազգային առաջավոր փորձին, ապա քննարկել այն իրենց երկրներում տեղայնացնելու հնարավորությունները: Աշխատաժողովի առանցքային թեմաներից են եղել նաև դրոնների կիրառման ոլորտների ընդլայնման, ռիսկերի հաշվարկման հարցերը: Մասնակից երկրների պատվիրակությունները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրենց ընթացիկ աշխատանքի արդյունքը:

Նշենք, որ փետրվարին Երևանում նախատեսվում է ծրագրի արդյունքների տարածմանն ուղղված աշխատաժողով, որին կմասնակցեն բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները:

eDrone-ի մասին ավելին՝ տե'ս ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին