ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի շնորհավորանքը նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

Դիտումների քանակ՝ 3248

Սիրելի՛ ուսանողներ, առաջին կուրսեցիներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու առթիվ: Համալսարանական կրթությունն արժեք է, որը ոչ մի պարագայում և ոչ մի իրադարձության դեպքում չի կարող ստվերվել: Եվ դուք, սիրելի՛ առաջին կուրսեցիներ, այսօրվանից դառնում եք այս արժեքի կրողը՝ միանալով համալսարանական կրթության ճանապարհն անցնող հազարավոր ուսանողներին:

Մեր համալսարանում կրթական բարեփոխումներ են, որոնց նպատակը մեկն է՝ նոր դարաշրջանում դառնալ նոր որակի համալսարան՝ իրականացնելով նոր աշխարհի պահանջներին համապատասխան հմտություններով մասնագետներ և արժանավոր քաղաքացիներ կերտելու մեր առաքելությունը:

Սիրելի՛ ուսանողներ, դուք հասուն մարդիկ եք և հասկանում եք, որ բարեփոխումների իրականացումը հեշտ չէ և դրանում ահռելի դեր ունեն մեր գլխավոր շահառուները, այսինքն՝ մեր ուսանողները: Դուք այն ուժն եք, որը մեզ ոգևորում է աշխատել, զարգացնել մեր համալսարանը, բարձրացնել կրթության որակը և լինել մրցունակ: Մենք վստահ ենք, որ մեր համալսարանի անցած ճանապարհը, զարգացման տարբեր շրջաններն ու ձեռքբերումները ստեղծել են այն ամուր հիմքը, որի վրա կարող ենք կառուցել մեր նոր շրջանի պատմությունը՝ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում, միասնական ջանքերով և սրտացավ մոտեցմամբ:

Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր համալսարանը նոր ուսումնական տարվա մեկնարկին ամբողջությամբ պատրաստ է, և գործընթացը կիրականացվի լավագույն ձևով: Բուհի ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմը, բոլոր ստորաբաժանումները բնականոն աշխատում են և պատրաստ են օգնել ձեզ: Համալսարանի պաշտոնական կայքում (asue.am) դուք կգտնեք առաջին շրջանի համար ձեզ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և կկարողանաք հետադարձ կապ պահպանել մեզ հետ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, մաղթում արդյունավետ ուսումնառություն և ուսանողական անմոռանալի կյանք: Հիշե՛ք, որ ուսումնական տարիներն են կանխորոշելու ձեր ապագան, աշխատանքային կարիերան:

Բարի երթ և բարի գալուստ Տնտեսագիտական մայր համալսարան:

Հարգանքով՝

ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

տ.գ.դ., պրոֆեսոր