Մարզական խճանկար. ՀՊՏՀ ուսանող-մարզիկները նոր նվաճումներ ունեն
Հոկտեմբեր ամիսը հագեցած է եղել մարզական միջոցառումներով, որին, ինչպես միշտ, ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՊՏՀ ուսանող-մարզիկները: Նպատակասլաց ու կամային հատկանիշներով աչքի ընկնող մեր մարզիկները, բնականաբար, ձեռնունայն չեն վերադարձել, հարստացրել են ՀՊՏՀ մարզական նվաճումների շարքը:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ներկայացրեց համալսարանականների ձեռքբերումները:
ՀՀ բուհերի ուսանողների 20-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով անցկացված բազկամարտի առաջնությունում ֆինանսական ֆակուլտետի ուսանող, Եվրոպայի չեմպիոն Վահան Տեր-Բալյանը այս տարի ևս բարձր է պահել ՀՊՏՀ պատիվը. 80 կգ քաշայիննների կարգում նա չեպիոն է դարձել աջ և ձախ ձեռքերով: Նույն մարզաձևում, 90 և ավելի կգ քաշայինների շարքում Պետրոս Ժամկոչյանը (ֆինանսական ֆակուլտետ) գրավել է 2-րդ և 3-րդ տեղերը (համապատասխանաբար ձախ և աջ ձեռքերով): 60 կգ քաշայինների կարգում ուսանող Սոս Պետրոսյանը 3-րդ տեղն է նվաճել (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ): Նշենք, որ տղաների մարզիչը ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանն է:
Նույն խաղերի շրջանակում ՀՊՏՀ հանդբոլի տղաների թիմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մարզիչը վերոնշյալ ամբիոնի դոցենտ Հակոբ Կյոկչյանն է:
Ինչպես Հովհաննես Գաբրելյանն ասաց, այժմ ամբիոնը ուսանողներին նախապատրաստում է շախմատի առաջնությանը, որը մեկնարկելու է նոյեմբերի 9-ին, ինչպես նաև մարզիկները հանդես կգան մի շարք այլ միջբուհական առաջնություններում:
Հիշեցնենք, որ ՀՀ բուհերի ուսանողների 20-րդ հանրապետական մարզական խաղերը կազմակերպում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին