ՀՊՏՀ ներկայացուցիչները HEIFYE ծրագրի շրջանակներում Բաթումիում մասնակցել են միջոցառումների

Դիտումների քանակ՝ 1494

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 10-12ը սույն ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը և մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյանը Բաթումի քաղաքում (Վրաստան) մասնակցել են «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներցության համար» (HEIFYE) «Էրազմուս+» ծրագրի «Երիտասարդների ձեռներեցության խնդիրները և հեռանկարները Հայաստանում ու Վրաստանում» խորագրով հերթական աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում Դիանա Գալոյանը հանդես է եկել «Երիտասարդների ձեռներեցության արդի վիճակը ՀՀ-ում» թեմայով զեկուցմամբ: Քննարկվել են նաև HEIFYE ծրագրի 6 գործընկեր երկրներում երիտասարդների շրջանակներում՝ ձեռներեցության զարգացման խոչընդոտների բացահայտման նպատակով անցկացված հարցման վերջնական արդյունքները:
Ծրագրի շրջանակներում Շոթա Ռուսթավելիի անվան Բաթումիի պետական համալսարանում սեպտեմբերի 13-14-ին անցկացվել է նաև գիտաժողով «Երիտասարդների ձեռներցությունը Արևելյան գործընկերության երկրներում. ձևավորման փորձ և զարգացման հեռանկարներ» խորագրով: Գիտաժողովի ընթացքում Դիանա Գալոյանը և Թաթուլ Մկրտչյանը ներկայացրել են զեկուցումներ «Հայաստանի և Վրաստանի բիզնես միջավայրերի համեմատական վերլուծություն» և «Երիտասարդների ձեռներեցության զարգացման նախադրյալները և հեռանկարները ՀՀ-ում» թեմաներով:
Հավելենք նաև, որ Շոթա Ռուսթավելիի անվան Բաթումիի պետական համալսարանում ՀՊՏՀ գիտնականները մասնակցել են որակավորման բարձրացման դասընթացի՝ «Ձեռնարկատիրական կրթությունը համալսարաններում» (Entrepreneurship Education at the Universities) խորագրով և ստացել վկայականներ:
Հիշեցնենք, որ HEIFYE ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն հանձնառու է «Եվրոպական ինտեգրման գործընկեր երկրներում բիզնեսի վարման առանձնահատկությունները» խորագրով ուսումնական ձեռնարկի մշակման համար, որը սկսած 2019 թվականից պետք է ներդրվի ուսումնական գործընթացում:

Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Սույն հրապարակումը [հաղորդումը] արտահայտում է միայն հեղինակների տեսակետը, և Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում սույն տեղեկատվության կամ դրա օգտագործման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին