ՀՊՏՀ գործընկեր շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանը նոր առաջարկներ է ներկայացնում ՀՊՏՀ ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1557

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջավեդ Սանգդելի հանդիպումը ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների հետ:
Հիշեցնենք, որ շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ իրականացնում է մագիստրոսական ծրագիր, և այս համագործակցության շրջանակներում ՈՒՄԵՖ-ը ՀՊՏՀ ուսանողներին պարբերաբար նոր ծրագրեր և արտոնություններ է առաջարկում՝ հետագայում ծրագրին մասնակցելու պայմանով:
Ինչպես նշել է շվեյցարական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ՈՒՄԵՖ համալսարանը ՀՊՏՀ 4-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպում է անվճար անգլերենի դասընթացներ՝ ՈՒՄԵՖ-ՀՊՏՀ մագիստրոսական ծրագրին միանալու պայմանով և 50% ուսման վարձի փոխհատուցման կրթաթոշակ՝ ընդունելության քննությունների արդյունքներով /որը կարող եք վճարել նաև ամսական/:
Ծրագրի ավարտին կտրվի 2 դիպլոմ, մեկը՝ ՀՊՏՀ մագիստրոսի, մյուսը՝ ՈՒՄԵՖ համալսարանի: Ուսումնական գործընթացը վարող դասախոսների 50%-ը եվրոպական տարբեր երկրների լավագույն բուհերից են, մյուս 50%-ը՝ Շվեյցարիայում վերապատրաստված հայ դասախոսներ: Ուսանողներին մեկ կամ երկու կիսամյակ ուսումնառությունը Շվեյցարիայի ՈՒՄԵՖ համալսարանում (ք.Ժնև) շարունակելու հնարավորություն կտրվի:
Այս մանրամասները մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը՝ նշելով, որ ծրագրով հետաքրքրված ուսանողները կարող են դիմել իրենց բաժին՝ 010-593-426 հեռախոսահամարով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին