ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում հաստատվեց ՀՊՏՀ 2018-2022թթ. ռազմավարությունը
Ամառային արձակուրդներից հետո իր բնականոն գործունեությունը վերսկսած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի մեկնարկին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանը շնորհավորանքներ հղեց գործընկերներին՝ նոր ուսումնական տարին սկսելու առթիվ և մաղթեց արդյունավետ գործունեություն: Ռեկտորը շնորհավորեց գիտխորհրդի նորընտիր անդամներին՝ նրանց ևս մաղթելով հաջողություններ նոր աշխատանքում, ինչպես նաև՝ դեկանի ժ/պ Սոս Խաչիկյանին և հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնի վարիչ Նելլի Շահնազարյանին՝ տարեդարձի առթիվ:
Գիտական խորհուրդը Կորյուն Աթոյանի ներկայացմամբ հաստատեց գիտական խորհրդի 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանը:
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց ՀՊՏՀ 2018-2022թթ. զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը՝ նշելով, որ այն ստեղծվել է ՀՊՏՀ խորհրդի հանձնարարականի հիման վրա, անցել է ուսումնասիրությունների փուլ, կազմվել է բարձրագույն կրթության արդի հիմնախնդիրները նկատի ունենալով, այնուհետև ներկայացվել է կոլեկտիվին՝ առաջարկությունների համար, իսկ այժմ նախատեսվում է գիտխորհրդի հաստատումից հետո ներկայացնել կառավարման խորհուրդ: Գիտական խորհուրդը ներկայացված փաստաթուղթը հավանության արժանացրեց:
Այնուհետև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց բուհի կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանին և փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սարգսյանին «ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ» պատվավոր կոչումները շնորհելու մասին հարցը՝ հիմք ընդունելով ՀՊՏՀ պատվավոր կոչումների շնորհման կանոնակարգը: Բարձր գնահատելով մեր համալսարանի կայացման և զարգացման գործում երկու գիտնականների ներդրումը և արժևորելով նրանց ավանդը՝ Կորյուն Աթոյանն առաջարկեց համալսարանի երկու գիտնականներին շնորհել ներկայացված կոչումները: Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ամբիոնների վարիչներ Միքայել Մելքումյանը, Վարդան Սարգսյանը, Աշոտ Սալնազարյանը, դեկանի ժ/պ Մերի Բադալյանը ողջունեցին առաջարկը, նշեցին, որ թե՛ Յուրի Սուվարյանը, թե՛ Արամ Սարգսյանը, կանգնած լինելով համալսարանի ստեղծման և կայացման ակունքներում, իրենց գործունեությամբ բարձրացրել են բուհի հեղինակությունը, նպաստել գիտակրթական առաջընթացին, ուստի հարկավոր է նման քայլերով արժանին մատուցել ավագ գործընկերներին:
Խոսք ասացին նաև Յուրի Սուվարյանը և Արամ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով նման մոտեցման համար, նշելով, որ իրենք, կանգնած լինելով համալսարանի ստեղծման ակունքներում, իրենց երկարամյա գործունեության ամբողջ ընթացքը նվիրել են հարազատ կրթօջախի զարգացմանը և հետայսու էլ պատրաստակամ են իրենց փորձով, գիտելիքներով աջակցել հերթափոխի եկող երիտասարդ սերնդին:
Գիտական խորհուրդը հավանության արժանացրեց գիտնականներին պատվավոր կոչումներ շնորհելու հարցը:
Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման ամբիոնը միացման ձևով վերակազմակերպելու հարցը, որը ևս հաստատվեց:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը հիշեցրեց տարեկան գիտաժողովի կազմակերպման մասին՝ հորդորելով գործընկերներին ակտիվորեն մասնակցելու դրան: Տարեկան գիտաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին