ՀՊՏՀ ՈՒԳԸ նստաշրջանն ամփոփեց աշխատանքները

25.02.2022
Դիտումների քանակ՝ 1750

Ուսանողական գիտությունը շարունակում է ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության ուշադրության կենտրոնում մնալ։ Փետրվարի 16-ին մեկնարկած և այսօր՝ փետրվարի 25-ին ամփոփված ՈՒԳԸ 40-րդ նստաշրջանի բացման խոսքում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծել էր, որ Ուսանողական գիտական ընկերության նպատակն է բացահայտել տաղանդավոր ուսանողներին, իսկ բուհն իր հերթին վերջիններիս համար գիտական գործունեությամբ զբաղվելու բարենպաստ պայմաններ կստեղծի։

«Մենք հավակնոտ ծրագրեր ունենք՝ գործնականում զարկ տալու ուսանողական գիտությանը և զարգացնելու այն։ ՀՊՏՀ ղեկավարությունն անելու է ամեն հնարավորը՝ ուսանողության շրջանում գիտության հանդեպ հետաքրքրություն և սեր արթնացնելու ուղղությամբ։ ՈՒԳԸ նստաշրջանում լավագույնը ճանաչված հոդվածները կտպագրվեն «Երիտասարդ գիտնական» ժողովածուում»,- նշել էր ՀՊՏՀ ռեկտորը՝ ՈՒԳԸ համակարգողներին կոչ անելով առավել մեծ թվով ուսանողների ներգրավել ընկերության աշխատանքներում։

Եռօրյա նստաշրջանը փաստեց, որ ուսանողության գիտական հետաքրքրությունների շրջանակները բավականին լայն են՝ ընդգրկելով նեյրոմարքեթինգից մինչև պետական պարտքի կառավարման հիմնախնդիրներ։

Գնահատելով հոդվածների բովանդակությունը, գիտականությունը, ներկայացման որակը, հարցերին պատասխանելու ամբողջականությունն ու խորությունը՝ մրցութային հանձնաժողովը որոշեց մրցանակակիրներին:

Եվ այսպես, ՈՒԳԸ 40-րդ նստաշրջանի համահամալսարանական փուլում մագիստրանտների մեջ 1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց Նարինե Պետրոսյանը, 2-րդ և 3-րդ տեղերը՝ համապատասխանաբար Տաթև Մկրտչյանն ու Ժորա Ստեփանյանը։ Բակալավրիատի մասնակիցներից լավագույնը ճանաչվեց Հրաչյա Հովհաննիսյանը։ 2-րդ տեղում Քրիստինա Հակոբյանն է, 3-րդում՝ Էլիզա Հունանյանը: Մրցանակների արժանացան նաև Դավիթ Գևորգյանը՝ ամենաէմոցիոնալ ելույթի համար, Ստեփան Հակոբյանը՝ որպես միակ 1-ին կուրսեցի, ինչպես նաև Սաթենիկ Գևորգյանն ու Անգելինա Աղաբաբյանը, որոնց միավորները չնչին տարբերությամբ են զիջել 3-րդ մրցանակակրի միավորներին։ ՈՒԳԸ մյուս մասնակիցները ստացան հավաստագրեր։

Առաջին տեղը գրաված մասնակիցները պարգևատրվեցին 150 000-ական, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ 100 000-ական, իսկ երրորդ տեղը գրաված մասնակիցները՝ 50 000-ական դրամով։ Հատուկ մրցանակի արժանացած ուսանողները ստացան խրախուսական նվերներ։ ՈՒԳԸ մյուս մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով։

Շնորհավորելով ՈՒԳԸ բոլոր մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նկատեց, որ մրցութային հանձնաժողովը որոշակի դժվարություններ է ունեցել գնահատման ընթացքում, քանի որ լավագույնների միջև մրցակցությունը մեծ է եղել, և դրանով է պայմանավորված խրախուսական նվերների առատությունը։

«Մեր նպատակն է՝ շահագրգռել ձեզ՝ հետագայում է´լ ավելի ակտիվ լինել, ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել գիտության նկատմամբ։ Միշտ հիշեք, որ բուհ ընդունվելով՝ կրթությունն ու գիտությունը պետք է զուգահեռաբար կարևորվեն ձեզ համար, և պետք է անպայման փորձեք կիրառել ձեր ստացած գիտելիքը, հետազոտական ու վերլուծական ունակությունները»,- դիմելով ուսանողներին՝ նշեց ՀՊՏՀ ռեկտորը։

ՈՒԳԸ 40-րդ նստաշրջանի մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանն էլ շեշտեց, որ ՈՒԳԸ նստաշրջանը գործնականում հետազոտական աշխատանքների ներկայացման յուրօրինակ փորձառություն է, որն ուսանողներին կօգնի նաև ավարտական, դիպլոմային աշխատանքների պաշտպանության ընթացքում, կրթաթոշակ ստանալու գործընթացում, միաժամանակ՝ մասնագիտական գործունեության հաջող մեկնարկ կհանդիսանա։

«Չափազանց կարևորում եմ նմանօրինակ միջոցառումները, որովհետև, բացի նրանից, որ առաջին քայլերն եք կատարում գիտության մեջ, դուք նաև մրցակցային պայքարի մեջ եք մտնում, իսկ այդ ճանապարհին մենք պատրաստ ենք լրացուցիչ աշխատելու ձեզ հետ, ուղղորդելու, օժանդակելու»,- ասաց Թաթուլ Մկրտչյանը՝ հավելելով, որ ամենևին չնսեմացնելով մագիստրանտների աշխատանքները՝ մրցութային հանձնաժողովին առավելապես գոհացրել են բակալավրիատի զեկուցումները։

Մրցութային հանձնաժողովի կազմում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը, ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուներ Գայանե Ավագյանը, Անուշ Շիրինյանը, Մարինե Առաքելյանը, Մարիա Սահակյանը, Նարինե Միրզոյանը, Սրբուհի Իսրայելյանը, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը։ Հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք էին՝ նստաշրջանն առանձնացավ բարձրարժեք հետազոտություններով, ինչը խրախուսելի է։

Նշենք, որ ՀՊՏՀ ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ Տնտեսագիտական համալսարանի՝ գիտական, հետազոտական հետաքրքրություններ և կարողություններ ունեցող բոլոր ուսանողները։