Ամփոփվեց ՀՊՏՀ ՈՒԳԸ նստաշրջանը. հայտնի է հաղթող եռյակը

Դիտումների քանակ՝ 4026

Հունիսի 2-ին, ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի է ունեցել ՈՒԳԸ գարնանային նստաշրջանի համալսարանական ամփոփիչ փուլը, որին մասնակցել են ֆակուլտետային փուլի (6 ֆակուլտետների) եզրափակիչ անցած լավագույն եռյակները: Մրցատյանի կազմում են եղել գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ՈՒԳԸ խորհրդի նախագահ Մարի Եղիազարյանը (արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, մագիստրատուրա 1-ին) և ֆակուլտետների ՈՒԳԸ պատասխանատուները՝ գիտական ղեկավարներ Գայանե Ավագյանը, Տիգրան Մնացականյանը, Լիլիթ Դադայանը, Անուշ Շիրինյանը, Անուշ Գասպարյանը, Արմինե Սչանյանը: Ներկա են եղել նաև նախորդ փուլերի մասնակից ուսանողները:
ՈՒԳԸ խորհրդի նախագահ Մարի Եղիազարյանը այսօր մեզ տրամադրեց եզրափակիչ փուլի արդյունքները, որի համաձայն հաղթողներ են դարձել՝
1-ին տեղ՝ Լիլիթ Խաչատրյան (ֆինանսական ֆակուլտետ, արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, 4-րդ կուրս)՝ «Ներդրումային պորտֆելի կառավարման հիմնախնդիրները ՀՀ արժեթղթերի շուկայում»,
2-րդ՝ Անի Դավթյան (կառավարման ֆակուլտետ, աշխատանքի տնտեսագիտություն, մագիստրատուրա 1-ին կուրս)՝ «Կենսաթոշակային համակարգերի կառավարման հիմնախնդիրները ԱՊՀ-ում»,
3-րդ՝ Լիանա Իսայան (տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, տնտեսագիտության տեսություն, մագիստրատուրա 1-ին կուրս)՝ «Ինստիտուտները որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմնարար պատճառ»:
Մարի Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց. «Առաջիկա շաբաթվա ընթացքում կհրավիրվի ընդլայնված նիստ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ ֆակուլտետային և համալսարանական փուլերում հաղթողները` նաև մրցանակներ: Իսկ զեկուցումները կուսումնասիրվեն ստեղծվելիք խմբագրական խորհրդի կողմից և որպես հոդվածներ կտպագրվեն»:
Շնորհավորում ենք հաղթողներին և հետազոտական ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ մաղթում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին