ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսները լսեցին ճապոնական համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Ահմաջյանի դասախոսությունը

Դիտումների քանակ՝ 1832

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի հրավերով այսօր մեր ուսանողների, դասախոսների և աշխատակիցների համար «Ճապոնական հրաշք. քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով դասախոսեց Ճապոնիայի Հիտոցուբաշի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Ահմաջյանը: Ֆինանսների ամբիոնի ասիստենտ Աննա Վարդանյանն, իր հերթին, նպաստել էր հանդիպման կազմակերպմանը՝ հրավիրելով հայագետ, պատմաբանասեր, «Հայ-ճապոնական պատմական մշակութային առնչություններ» գրքի հեղինակ Արծվի Բախչինյանին:

Հանդիպման մեկնարկին նա ընդհանուր տեղեկություններ հաղորդեց Հիտոցուբաշի համալսարանի մասին, ապա, բուն թեմայի շրջանակում, ամփոփ անդրադարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի տնտեսական աճի առանձնահատկություններին: Այս համատեքստում մասնագիտական վերլուծություն ներկայացվեց ճապոնական կառավարման սկզբունքների, տնտեսական առաջընթացին հասարակության ցուցաբերած աջակցության, մշակութային յուրահատկությունների վերաբերյալ: Պրոֆեսորն ընդգծեց, որ Ճոպոնիայում երկու տնտեսական հրաշք է տեղի ունեցել՝ 1900-ականների սկզբին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Քննարկվեցին նաև տնտեսական մարտահրավերները, պարզաբանվեց դրանց կապը ծերացող հասարակության, կանանց կարգավիճակի և այլ գործոնների հետ: Վերջում ունկնդիրներն իրենց հարցերն ուղղեցին դասախոսին:

Ասիստենտ, ճապոնական մշակույթի պատմության գիտակ Աննա Վարդանյանը, ով ՀՊՏՀ առաջին ուսանողն էր, որը 2002թ. 2 տարով փոխանակային ծրագրով ուսանել է Տոկիոյի և Աոմորիի պետական համալսարաններում, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս հանդիպումն արժեքավոր էր այն առումով, որ ուսանողներին վերլուծական նյութ տրամադրվեց Ճապոնական հրաշքի, ինչպես նաև Սինգապուրյան հրաշքի մասին, և այս օրինակները, փորձն ու դասերը կարող են կիրառելի լինել հետհեղափոխական շրջանում գտնվող ՀՀ տնտեսության վերելքի համար:

Դասախոսության ավարտին Արծվի Բախչինյանը Քրիստինա Ահմաջյանին նվիրեց «Հայ-ճապոնական պատմական մշակութային առնչություններ» գիրքը՝ հույս հայտնելով, որ համագործակցության նոր առիթներ կլինեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին