ՀՊՏՀ ուսանողները՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

06.06.2022
Դիտումների քանակ՝ 1614

Մայիսի 24-ին ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության մագիստրանտները ՄՏՀ ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանի հետ այցելել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ-ում իրականացվող EUCON («ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն») ծրագրի շրջանակում։

Հանդիպմանը ողջույնի խոսքով և բանախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ռազմավարական պլանավորման թիմի ղեկավար Դենիս Սումպֆը։ Վերջինս նախ ծանոթացավ մագիստրանտների հետ, այնուհետև ներկայացրեց ՄԱԿ-ի գրասենյակի պատմությունը, ինչպես նաև անդամ պետությունների համար ՄԱԿ-ին անդամակցության կարևորությունը՝ նշելով, որ ՄԱԿ-ի առաջնային խնդիրը աշխարհում խաղաղության պահպանումն է։ Նշվեց նաև, որ 1992 թվականի մայիսից ՄԱԿ-ի անդամ է նաև Հայաստանը, այս տարի անդամակցության 30-ամյակն է:

Հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին՝ որպես մի նոր գլոբալ համակարգ, որը անդամ-պետությունները պետք է օգտագործեն առաջիկա 15 տարիներին՝ իրենց ազգային օրակարգերն ու քաղաքականությունները կազմելիս: Առանձնակի ընդգծվեց նաև կանանց իրավունքների պաշտպանության հարցը:

Հանդիպման ավարտին կազմակերպվեց խաղ՝ պարզելու համար, թե ով է եղել հանդիպման ամենաուշադիր ուսանողը, և խաղի հաղթող ճանաչվեց ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Էդուարդ Մկրտչյանը: