Նարեկ Պետրոսյանը՝ IES ծրագրի կրթաթոշակակիր

08.06.2022
Դիտումների քանակ՝ 1550

Գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի International Excellence Scholarship Program (IES) կրթաթոշակային ծրագրի շրջանակում մայիսի 25-ից հունիսի 2-ը Իտալիայի Պաոլա քաղաքում «Բազմազանությունը փաստ է, ներառականությունը` գործողություն» (Diversity is a fact, inclusion is an act) և «Մարդու իրավունքների գերակայություն» (Green Human Rights Matters) խորագրերով դասընթացների մասնակից են դարձել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանողներ Նարեկ Պետրոսյանը, Արսեն Հարությունյանը և Ալլա Հարությունյանը (վերջինս այս կիսամյակի ընթացքում ուսումնառում է Պիրեուսի համալսարանում (Հունաստան))։

Ըստ մրցույթի պայմանների՝ հաղթողը փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ Բեռլինում ուսումնառելու, իսկ մինչ այդ՝ նաև Իտալիա մեկնելու և դասընթացների մասնակցելու հնարավորություն պետք է ստանար։

Եվ այսպես, IES ծրագրի եզրափակիչում հաղթող ճանաչվեց Նարեկ Պետրոսյանը. Green Human Rights Matters նախագծի մասնակիցներին ներկայացրած նրա շնորհանդեսն արժանացավ հավանության և երիտասարդին ընձեռեց Բեռլինում վեց ամիս ուսումնառելու բացառիկ հնարավորություն։

«Սա ուսանողների փոխանակման ծրագրերին մասնակցելու իմ առաջին փորձն էր, որից տպավորված ու ոգևորված եմ»,- ասում է Նարեկը։ Սեմինարների հիմնական թեման մարդկանց միջև տարբեր բնույթի խտրականություններն էին՝ ռասսայական, կրոնական և այլն։ Թեմայի շուրջ ուսանողներն իրավիճակային քննարկումներ ծավալեցին, իրենց տեսակետներն ու լուծումներն առաջարկեցին։

«Ինձ հատկապես տպավորեց այն, որ բոլորը շատ ազատ էին մտածում, նրանց հետ հեշտ էր քննարկումներ ծավալել»,- ասում է Նարեկը՝ հավելելով, որ վառ են հատկապես տպավորությունները միջմշակութային երեկոներից, որոնց ընթացքում ծրագրի լեհ, բուլղարացի, ռումինացի, իսպանացի, իտալացի և գերմանացի մասնակիցները իրենց երկրներն ու ազգային առանձնահատկություններն էին ներկայացնում։

Նշենք, որ «Կոպեռնիկուս Բեռլին» կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին Գերմանիայում: Այն միջազգային և ազգային մի շարք ծրագրեր է իրականացնում՝ ակտիվորեն համագործակցելով ՀՊՏՀ-ի հետ։ «Կոպեռնիկուս Բեռլին»-ի հետ մեր համալսարանի համագործակցությունը մինչ այժմ բազմախոստում է եղել և առաջիկայում ևս հավակնում է լինել այդպիսին՝ նոր ու հեռանկարային հնարավորություններ ստեղծելով հայ երիտասարդների համար։