ՀՊՏՀ մարքեթինգ մասնագիտության ուսանողները զարգացնում են գործնական հմտությունները
Մարքեթինգը ստեղծագործական մասնագիտություն է, որում առանձնակի են խրախուսվում նոր ու այլընտրանքային գաղափարները: Սա նկատի առնելով՝ ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոսները մշտապես ոգևորում են ուսանողներին և բազմաբնույթ միջոցառումներով հարթակ տրամադրում ստեղծագործական մտքի զարգացման, թարմ գաղափարների իրացման համար: Սա միաժամանակ բարելավում է ուսանողի գործնական հմտությունները:
Հենց այս նպատակով էլ մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Նաիրա Հայրապետյանը մարքեթինգ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներին բիզնես քեյս է առաջադրել՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» Cashback տեսակի քարտերի տարածման համար մշակել «հաղորդակցային պլան»: Առաջադրանքը «Մարքեթինգային հաղորդակցություններ» առարկայից է, և նախաձեռնության շրջանակում այսօր նշված կուրսի 2 հոսքերում դասախոսեց բանկի հաղորդակցային դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Ղազարյանը: Ներկա էր մարքեթինգի ամբիոնի վարիչի ժ/պ Վադիմ Գրիգորյանը: Թեման ժամանակակից մարքեթինգի միտումների, մասնավորապես սոցիալական ցանցերում և առհասարակ համացանցում բրենդի կամ բիզնեսի առաջմղման եղանակների, սպառողների հետ հետադարձ կապի պահպանման մասին էր: Դասի ընթացքում նաև ուսանողները հայտնեցին տեսակետներ ու կարծիքներ, քննարկեցին կոնկրետ իրավիճակներ:
Մեզ հետ զրույցում դասախոս Նաիրա Հայրապետյանն ասաց, որ ուսանողները իրենց առաջադրանքը կկատարեն մինչև այս կիսամյակի ավարտը, իսկ ընթացքում տարբեր բանախոսություններ կունկնդրեն, ինչը կօգնի առավել համակողմանի ընկալել առարկան և լավագույնս կատարել գործնական առաջադրանքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին