ՀՊՏՀ ուսանողները՝ «Ստամինա» կազմակերպության դրամաշնորհային մրցույթի հաղթողներ

08.07.2021
Դիտումների քանակ՝ 1187

Վաճառքի աութսորսինգային «Ստամինա» կազմակերպությունը դեռևս սույն թվականի մայիսին հայտարարել էր ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային­ մրցույթ՝ հաղթողներին իրենց ընկերությունում վերապատրաստում, փորձառություն և աշխատանք երաշխավորելով, ինչպես նաև աշխատանքի տեղավորման հնարավորություն՝ ՀՀ-ում գործող ՏՏ, ֆինանսաբանկային և ներդրումային, մարքեթինգային, արտաքին գովազդի և այլ առաջատար ընկերություններում:

Հպարտորեն տեղեկացնենք, որ մեր համալսարանի երկու ուսանող՝ Անուշ Վասիլյանը և Ռոմիկ Հովակիմյանը, դարձել են «Ստամինա» կազմակերպության դրամաշնորհային մրցույթի հաղթողներ:

asue.am-ն այսօր կապ հաստատեց նրանց հետ և տեղեկացավ, թե հաջողություն արձանագրելուց հետո ինչ փուլ են թևակոխել մեր հրաշալի ուսանողները: Ի դեպ՝ նրանք երկուսն էլ սովորում են ֆինանսական ֆակուլտետի հեռակա ուսուցման ֆինանսներ մասնագիտությամբ, Անուշը փոխադրվել է 3-րդ, Ռոմիկը՝ 4-րդ կուրս: Մրցույթի մասին տեղեկացել են ՀՊՏՀ պաշտոնական կայքից:

Այս պահին «Ստամինա» կազմակերպությունում Անուշը և Ռոմիկը մասնակցում են վերապատրաստման անվճար դասընթացին, որը նրանց հարստացնում է գործնական գիտելիքով և հմտություններով, ինտերակտիվ շփումներով: Անուշը նաև զուգահեռաբար փորձառություն է անցնում այդ կազմակերպությունում, որից հետո կանցնի աշխատանքի՝ որպես վաճառքի մենեջեր: Դասընթացի ավարտից հետո «Ստամինա»-ի գործընկեր կազմակերպություններից մեկում աշխատանքի կանցնի նաև Ռոմիկը:

Շնորհավորում ենք մեր խելացի ու նպատակասլաց ուսանողներին և մաղթում անձնական ու աշխատանքային նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին