ՀՊՏՀ-ն հաջողությամբ անդամակցեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցին (UN SDSN- UN Sustainable Development Solutions Network)

14.04.2022
Դիտումների քանակ՝ 1310

Կայուն զարգացման լուծումների ցանցի՝ Ցանցերի ռազմավարության խորհուրդը հավանության է արժանացրել ՀՊՏՀ-ի կողմից ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցին անդամակցումը։ Դեռևս 2021 թ. ՀՊՏՀ-ն անդամակցության հայտ էր ներկայացրել ցանցին և, բավարարելով անդամակցության բոլոր չափանիշները և պահանջները, մեզ հաջողվել է դառնալ  Կայուն զարգացման  լուծումների ցանցի լիիրավ անդամ։ Նշենք, որ ՀՊՏՀ-ն Հայաստանից միակ հաստատությունն է, որն անդամակցում է ցանցին։

Որպես SDSN լիիրավ անդամ՝ ՀՊՏՀ-ն արտոնյալ հնարավորություններ կունենա օգտվելու  SDSN Mobilize առցանց հաղորդակցման հարթակից, որը թույլ է տալիս անմիջական կապ հաստատել կայուն զարգացման ոլորտի փորձագետների հետ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների և գիտաժողովների, բացահայտել և ներգրավվել տարբեր դրամաշնորհային ծրագրերում և համագործակցության հաստատել բազմաթիվ գիտահետազոտական կառույցների հետ։

ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցին անդամակցում են աշխարհի 137 երկրներից ավելի քան 1647 համալսարաններ, հետազոտական կառույցներ, հիմնադրամներ, տարածաշրջանային ցանցեր և հասարակական կազմակերպություններ։

ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցը գործարկվել է 2012 թ.՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո։ Անդամության սկզբունքով ստեղծված ցանցի առաքելությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և «Կլիմայի փոփոխության մասին»  ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի «Փարիզյան համաձայնագրի» իրականացումն է՝  կրթության, հետազոտությունների, քաղաքական վերլուծությունների և գլոբալ համագործակցության միջոցով։