«Վիճակագիրների նոր սերունդ» ՀՊՏՀ թիմը՝ միջազգային օլիմպիադայի «Լավագույն ստեղծագործական թիմ» անվանակարգի հաղթող
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի վիճակագրություն մասնագիտության 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ՝ Անգելինա Աղաբաբյանը, Գեղեցիկ Դալլաքյանը, Լիլիթ Ղազարյանը, Միլանա Հուսիկյանը և թիմի ղեկավար, վիճակագրության ամբիոնի դոցենտ Անուշ Շիրինյանը հաղթանակով են վերադարձել մայիսի 13-15-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական 7-րդ ուսանողական օլիմպիադայի եզրափակիչ փուլից, որին ներկայացնում էին մեր համալսարանը, և որը կրում էր «Վերլուծական տնտեսագիտություն և կանխատեսում» խորագիրը:
Ինչպես asue.am-ի հետ զրույցում ներկայացրին մասնակիցները, օլիմպիադայի մասին նրանք տեղեկացել են դեռևս 2020 թ. դեկտեմբերին, ՀՊՏՀ պաշտոնական կայքի հայտարարությունից և անմիջապես ձեռնամուխ եղել թիմի կազմավորման և հոդվածների պատրաստման աշխատանքներին: Այս ընթացքում անվանակոչվելով «Վիճակագիրների նոր սերունդ»՝ ՀՊՏՀ թիմը, օլիմպիադայի շրջանակում, առցանց հարթակում մեր բուհը հաջողությամբ է ներկայացրել աշխարհի 40 երկրների շարքում և դուրս եկել եզրափակիչ, որտեղ մրցակցությունն ընթանում էր 14 երկրների թիմերի միջև: Այստեղ ևս հաջողությամբ հանդես գալով՝ թիմն ընդգրկվել է առաջատար եռյակում՝ արժանանալով «Լավագույն ստեղծագործական թիմ» անվանակարգի մրցանակին, որը շնորհվել է «Փափուկ ուժ պոտենցիալի գնահատումը» վերտառությամբ շնորհանդեսի համար (շնորհանդեսին ներկայացվել է ևս 2 թեմա՝ «Կորոնավիրուսի մակրոտնտեսագիտություն», «Արհեստական բանականություն»):
Զրույցի ընթացքում թիմի անդամները և ղեկավարը շնորհակալական խոսք ուղղեցին բուհի ղեկավարությանը՝ ի դեմս ռեկտոր Դիանա Գալոյանի, ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի, վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի և ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանի, թիմին ամեն կերպ սատարելու և գործուղումը լավագույնս ապահովելու համար:
Սոս Խաչիկյանը, մեզ հետ զրույցում, անդրադառնալով թիմի հաղթանակին, շեշտեց, որ բոլոր մասնակիցները բարձր առաջադիմությամբ սովորողներ են, և ինքն անձամբ է ականատես եղել նրանց համառ ու հետևողական աշխատանքին, որը հաճախ արտաժամյա բնույթ է կրել: Հետևապես նրանց աջակցելու համար ոչինչ չի խնայվել բուհի ղեկավարության կողմից: Նա հավելեց, որ ուսանողական թիմի և բուհի հաջողությունը լավ նախադեպ է կրթության միջազգայնացման, բարձր որակավորման շրջանակներում դրսևորվելու հնարավորության և մոտիվացման տեսանկյունից:
Մենք նույնպես շնորհավորում ենք թիմի ղեկավարին և անդամներին, մաղթում նորանոր անհատական և թիմային հաջողություններ ամենատարբեր հարթակներում:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին