Ուշադրություն դիմորդներին. այսօրվանից սկսվում է ընդունելության առցանց հայտագրումը

15.04.2021
Դիտումների քանակ՝ 1416

Սիրելի´ ՀՊՏՀ դիմորդներ, հիշեցնում ենք, որ ապրիլի 15-ին մեկնարկում է ՀՀ բուհերի ընդունելության առցանց հայտագրումը։ Այս տարվա ընդունելության գործընթացում առկա են էական փոփոխություններ, որոնց մասին իրազեկ լինելը կարևոր է։

Փոփոխությունների մանրամասները, ինչպես նաև ՀՊՏՀ ընդունվելու վերաբերյալ առանցքային հարցերը asue.am խնդրանքով ձեզ համար պարզաբանել է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը: Ստորև ներկայացնում ենք ուշադրության արժանի կետերը։
✅ Միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
✅Յուրաքանչյուր դիմորդ ընդունելության 1-ին փուլում կարող է հայտագրել բացառապես 1 բուհ, 1 մասնագիտություն։
✅ Ընդունելության մրցույթում դիմորդի գնահատականը դիտարկվելու է նախ անվճար, ապա վճարովի տեղերի համար։ Այսինքն, կարիք չկա, որ հայտում դիմորդը նշի «անվճար» կամ «վճարովի»։
✅ ՀՊՏՀ ընդունվելու համար դիմորդի համար մրցութային են 2 առարկայի գնահատականները՝ «Մաթեմատիկայի» և «Հայոց լեզվի» կամ «Օտար լեզվի»։ Բացառություն են կազմում «Զբոսաշրջություն» և «Սերվիս» մասնագիտությունները, որոնց պարագայում մրցութային են «Հայոց լեզվի» և «Օտար լեզվի» քննությունների գնահատականները, իսկ «Մաթեմատիկայինը» ոչ մրցութային է, դիտարկվում է ատեստատի գնահատականը։
✅ ՀՊՏՀ-ում ապրիլի 9-ից աշխատում է ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը, որը դիմորդներին խորհրդատվություն է տրամադրելու և՛ առցանց, և՛ տեղում։ Առցանց եղանակով խորհրդատվության համար պետք է մուտք գործել է Zoom-ի համապատասխան հղումով, որը կհրապարակենք շուտով։
✅Ընդունելության 1-ին փուլի հայտագրման ժամկետը ապրիլի 15-ից մայիսի 10-ն է (մինչև 18.00-ն ներառյալ)։

Սիրելի՛ դիմորդներ, հիշեցնենք, որ ֆեյսբուքում գործում է «ՀՊՏՀ դիմորդ» խումբը, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի խորհրդատուները ամեն օր առցանց են և պատրաստ են պարզաբանել ձեզ հուզող հարցերը: Կարող եք գրել նրանց հետևյալ հղումով:

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատում է ապրիլի 9-ից, կարող եք կապ հաստատել 010 58-94-43 հեռախոսահամարով կամ գրել dimord@asue.am էլ.փոստի հասցեին։

Ընդունելության փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Օգտակար տեղեկություն կարող եք գտնել նաև թեմային առնչվող մեր նախորդ հրապարակման մեջ:
Մաղթում ենք հաջողություն։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին