Ավելի' լավ ճանաչելով անգլերենը. հավաստագրեր՝ դասընթացի մասնակից ուսանողներին
ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի և «Ֆլալեսս» կորպորացիայի (ԱՄՆ) համագործակցության շրջանակներում բնօգտագործման տնտեսագիտություն և հողագույքային հարաբերություններ մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի մի խումբ ուսանողների համար կազմակերպվել էր անգլերենի եռամսյա (մարտ, ապրիլ, մայիս) անվճար դասընթաց: Այսօր, նշված ամբիոնի վարիչի ժ/պ Գագիկ Աղաջանյանի, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանի և դասախոսների ներկայությամբ դասընթացն ավարտած 12 ուսանող հավաստագիր ստացավ:
Ողջույնի խոսքում Գրիգոր Նազարյանը կարևորեց կրթող ու զարգացնող նախաձեռնությունները, ինչպիսին այս միջոցառումն էր: Դասընթացավար, լեզուների ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ, «Շրջակա միջավայրի տնտեսագիտություն» գրքի հեղինակ Անուշ Խաչատրյանն էլ շնորհավորանքի խոսքում հույս հայտնեց, որ ուսանողները օտար լեզվի լավ իմացությունը կծառայեցնեն մասնագիտական առաջընթացի գործին:
Դասընթացի ամենապարտաճանաչ մասնակիցը, ինչպես ասաց դասախոսը, այս տարի մագիստրատուրայի 2-րդ կուրսը գերազանցությամբ ավարտած Արտյոմ Քոսակյանն էր: Մեզ հետ զրույցում շրջանավարտն ասաց, որ պատրաստվում է ուսումը շարունակել արտերկրում, և այս դասընթացը անհրաժեշտ էր անգլերենի գիտելիքները թարմացնելու, տնտեսագիտական անգլերենում խորամուխ լինելու, բանավոր և գրավոր անկաշկանդ ու գրագետ հաղորդակցվելու տեսանկյունից:
«Կարծում եմ՝ միշտ էլ կարիք կա վերանայելու մեր անգլերենի գիտելիքները և հիանալի է, որ հենց բուհն է իր ուսանողին ընձեռում նման հնարավորություն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել դասախոս Անուշ Խաչատրյանին՝ այս ամիսների ընթացքում մեզ ժամանակակից մեթոդներով մատուցած բովանդակալից դասընթացի համար, իսկապես, դասախոսից շատ բան է կախված»,-ասաց Արտյոմը:
Հիշեցնենք՝ այս տարեսկզբին ՀՊՏՀ-ն և «Ֆլալեսս» կորպորացիան վավերացրել են համագործակցության հուշագիր, որով իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ:
Շնորհավորում և նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին