«Բողբոջ». մարքեթինգ մասնագիտության ուսանողների ինքնատիպ միջոցառումը

Դիտումների քանակ՝ 3871

ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի նախաձեռնությամբ մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» առարկայի շրջանակում, ՀՊՏՀ բակում այսօր կազմակերպեցին իրենց ձեռքի աշխատանքների «Բողբոջ» ցուցահանդես-վաճառք միջոցառումը, որն ուներ սոցիալական ուղղվածություն. հասույթով կգնվեն մարքեթինգ մասնագիտության ուսանողների համար մասնագիտական ժամանակակից գրքեր, հիմնականում՝ օտարալեզու:

Հայկական մոտիվներով կրծքազարդեր, քաղցր նվերներ, նկարազարդ բաժակներ, յուրօրինակ փաթեթավորմամբ արդուզարդ... ՀՊՏՀ-ականներին առաջարկվող վաճառքի գունեղ տեսականին նվիրված էր կանանց և ստեղծված էր մարտի 8-ի առիթով: Ցուցադրության այցելուներն ու գնորդներն էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ՈւԽ անդամները, ուսանողները և հյուրեր:

Կազմակերպիչ, դասախոս, մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Քոլյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ միջոցառումը «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» առարկայի ոչ ստանդարտ մատուցման ձևաչափ է, որն անհրաժեշտ ընկալում և հմտություններ է ձևավորում ապագա մարքեթոլոգների մոտ՝ տալով գործունեության պատասխանատու մոտեցում շահառուների նկատմամբ: Բացի դրանից, միջոցառումը տալիս է մի շարք մասնագիտական հմտություններ «Do it yourself»-ը (DIY` Արա ինքդ) գործարարությունում: Ստեղծելով ներկայացվող ապրանքը՝ ուսանողն առնչվում է անհրաժեշտ նյութերի հայթայթման, ստեղծագործական աշխատանքի, օգտակարության գնահատման, մատակարարման շուկայի առանձնահատկությունների, գնագոյացման և այլնի հետ:

Ի դեպ, այս նախաձեռնությունից ոգեշնչված՝ մեր ուսանողուհիներից մեկն արդեն զուգահեռ հիմնադրել է իր փոքրիկ բիզնեսը (ձեռքի աշխատանքների վաճառք), այն ներկայացնում է «Ինստագրամ» սոցիալական ցանցում և արդեն ունի պատվերներ:

Լիլիթ Քոլյանը տեղեկացրեց, որ սոցիալական այսպիսի միջոցառումները շարունակական կլինեն, քանի որ մեր ուսանող «բողբոջները» պետք է ծաղկեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին