Վկայականներ՝ նախագծերի կառավարման դասընթացի մասնակիցներին
ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կազմակերպած նախագծերի կառավարման թվով 2-րդ դասընթացի մասնակիցներն այսօր վկայականներ ստացան: Ներկա էին նշված դեպարտամենտի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից օգոստոսի 18-ը առցանց եղանակով անցկացվել է նախագծերի կառավարման նոր դասընթաց՝ «Նախագծերի կառավարման հիմունքները» (Project Management Fundamental Course), որը վարել է նախագծերի կառավարման ոլորտում բազմամյա փորձ ու նախագծերի կառավարման մասնագետի PMP® միջազգային որակավորում ունեցող փորձագետ, PMI Armenia-ի փոխնախագահ և հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը: Դասընթացը խորը տեսական և գործնական գիտելիքներ է փոխանցել նախագծերի կառավարման մասին:
Այսօր արդեն, առցանց ռեժիմից անցում կատարելով կենդանի շփման, ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը մասնակիցներին դեմառդեմ ողջունեց ու շնորհավորեց դասընթացն ավարտելու առիթով:
«Նախագծերի կառավարմանն առնչվող թեմաները ներկայում արդիական են, և ոլորտին առնչվող գիտելիքը կիրառելի է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ թե' մեծ, թե' փոքր ծրագրեր իրականացնելիս»,-նշեց դեպարտամենտի տնօրենը:
Դասընթացավարը, հանձնելով վկայականները, հույս հայտնեց, որ մասնակիցների հետ համագործակցությունն ու կապը չի ընդհատվի:
Շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանն էլ asue.am-ի հետ զրույցում ասաց, որ այս դասընթացն 9 մասնակից է ունեցել, այդ թվում՝ ՀՊՏՀ դասախոսներ, ուսանողներ, շրջանավարտներ և տարբեր ոլորտների աշխատակիցներ: Նա հավելեց, որ դրա ավարտից հետո իրականացվել է հարցում, բոլոր մասնակիցները դրական կարծիք են հայտնել ու բարձր գնահատել դասընթացի արդյունավետությունը:
Մեզ հետ զրույցում մասնակից, ՀՊՏՀ շրջանավարտ Շողեր Արազյանը նշեց, որ դասընթացին իր մասնակցությունը արտակարգ դրության ընթացքի կարևոր ձեռքբերումներից էր: Շողերը «Բեկոն պրոդուկտ» ընկերության մատակարարման բաժնի պատասխանատուն է, և ինչպես նշեց, օրեր առաջ ստացած գիտելիքներն արդեն իսկ կիրառում է աշխատանքում:
«Դասընթացը շատ-շատ հետաքրքիր էր և հագեցած պրակտիկ մասով: Ես շարունակելու եմ ուսումնասիրել նախագծերի կառավարման ուշագրավ ոլորտը, որի մասին այս դասընթացի շնորհիվ արդեն իսկ լավ պատկերացում ունեմ: Շնորհակալություն կազմակերպիչներին»,-ասաց մեր շրջանավարտը:
Արտաքին կապերի դեպարտամենտի նեկայացուցիչները, կարևորելով բոլոր տարիքային խմբերում կրթության անընդհատությունը, նշեցին, որ նմանօրինակ դասընթացների կազմակերպումը շարունակական է լինելու:
Շնորհավորում ենք մասնակիցներին և մաղթում հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին