ՀՊՏՀ ամբիոնները հանդես են գալիս գիտահետազոտական աշխատանքների ներկայացմամբ. առաջին գիտական սեմինարն՝ այսօր

Դիտումների քանակ՝ 1936

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնների աշխատակազմերը սկսել են 2019-2020 թթ գիտահետազոտական աշխատանքների թեմաների շուրջ հաշվետվությունների ներկայացումը: Այսօր տեղի ունեցավ առաջին գիտական սեմինարը. մակրոէկոնոմիկայի ամբիոնը հանդես եկավ «ՀՀ մակրոտնտեսական վիճակի վրա արտաքին տնտեսական շոկերի ազդեցության գնահատումը» խորագրով սեմինարով՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի ծրագրի «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների փոխգործակցության հիմնախնդիրները» թեմայի շրջանակներում:

Գիտական սեմինարին մասնակցում էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը, աշխատակիցներ, ուսանողներ: Որպես հրավիրյալ՝ մասնակցում էր ՀՀ վիճակագրական կոմիտեի ֆինանսական վիճակագրության բաժնի առաջատար մասնագետ Արսեն Օհանջանովը:

Պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը բացման խոսքում նշեց, որ Տնտեսագիտական համալսարանում ամբիոնային գիտական թեմաները սեմինարների միջոցով ներկայացնելու ավանդույթը վաղուց կա, և այժմ, որոշ ընդմիջումից հետո, այն վերականգնվում է: Թաթուլ Մկրտչյանի խոսքով՝ սա ոչ միայն ամբիոնային գիտահետազոտական աշխատանքի արդյունքները ներկայացնելու, այլև հաշվետվողականության ապահովման լավ ձևաչափ է:

Մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, հետազոտական խմբի ղեկավար Կարեն Գրիգորյանը ներկայացրեց աշխատանքի նպատակը, գործնական նշանակությունը, բովանդակությունը, թեմայի կատարման 4 փուլերը: Այնուհետև հետազոտական խմբի անդամները՝ ամբիոնի դոցենտներ Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, ՀՀ ֆինանսների նախարարության հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման բաժնի պետ Գարիկ Պետրոսյանը, ամբիոնի հեռակա ասպիրանտ Վազգեն Պողոսյանը և ասիստենտ Վարսիկ Տիգրանյանը, ներկայացրեցին գիտահետազոտական աշխատանքի մանրամասները:

Կարեն Գրիգորյանը asue.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում ՀՀ տնտեսությունը ենթարկվում է արտաքին տնտեսական գործունների ազդեցությանը: «Թեմայի գործնական նշանակությունն այն է, որ կարող է հիմք ծառայել այդ գործոնների բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրագործման համար»,- ասաց հետազոտական խմբի ղեկավարը:

Ամբիոնների գիտահետազոտական աշխատանքների թեմաների և գիտական սեմինարների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին